211652_close_icon
views-count1180 դիտում article-date 20:57 10-05-2024

Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան

Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Հրաժարականի պահանջն այս ժողովրդի պահանջն է եղել, այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է։

Ինձ կապում են մեծ երկրների հետ, ազդեցությունների գոտիների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել։ 

Դրա համար եմ խորհուրդ տվել միշտ՝ հայելի պահեք ձեր տներում։ Հայելու մեջ նայեք, նայեք ու տեսեք ձեզ։ Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր նպատակին ծառայելուն կոչված են, հայկական օրակարգին ծառայելուն կոչված են, կոչված են, որպեսզի Եռագույնը հաղթի սև ու սպիտակին, որպեսզի Հոգևոր Հայաստանը հաղթի «նոր» Հայաստանին, այդ մարդիկ ամբողջության մեջ ոչ միայն ընդունելի են, այլև քաջալերելի և գովելի են։

Իսկ բոլոր նրանք, ովքեր ծախու գրչակներ են, ովքեր պատվերով իրենց ինքնությունը վաճառողներ են, ամեն ինչի ընդունակ են՝ մարդկանց վիրավորելու, սևացնելու, պախարակելու՝ անպատասխանատու ձևով ինչ ասես ասելու, նրանք ուղղակի որպես գոյացություններ՝ կվերանան մեր կյանքից մի օր»,- ասաց Սրբազանը։

Բագրատ սրբազանը հանձնարարեց մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և սահմանագծման հստակ հայեցակարգը և այդ բանակցությունների անընդհատականությունը։

«Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք թե ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան ինչպես են խափված ու ստված, որ իմանան իրական պատկերը որը պետք է լինի։ Հրաժարականի պահանջն այս ժողովրդի պահանջն է եղել, այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է: Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի»,- ընգծեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը ավելացրեց, որ վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու և վաղը հանրահավաք չի լինելու։

«Կիրակի երեկոյան, ժամը 6 անց կես, հավաքվում ենք, և կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու»,-ավելացրեց նա։

Նմանատիպ նյութեր