211652_close_icon
views-count62849 դիտում article-date 17:21 25-05-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ ռեստորանի տերը այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն, որը վերածվել է մոխրակույտի․ մինչ հրշեջները մարում էին կրակը, Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերեցին հրկիզողին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանաատր Համբարձում Տեր Պողոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջները մարել են կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ 

Մինչ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու հրշեջները քննարկում էին, որ ավտոմեքենայում հրդեհը պատահմամբ է բռնկվել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այն հրկիզել են ու մինչ հրշեջները աշխատանքներ էին կատարում ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արարատ Հակոբյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ ստանում դեպքի վրաբերյալ ու տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Արարատի մարզում հայտնաբերում և ձերբակալում են ավտոմեքենան հրկիզած կասկածյալին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 65-ամյա Ռ․ Երեմյանն է, ով ժամը 12։30-ի սահմաններում հանդիպել է ավտոմեքենայի սեփականատեր, իր նախկին կնոջը՝ Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Ալինա Մ․-ին և նրա հետ մտերմիկ զրույց ունենալու առաջարկով նստել է Ալինա Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և հասնելով Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի կամրջի մոտ նրանց միջև վիճաբանություն է առաջացել, ինչից հետո Ռ․ Երեմյանը նախապես իր մոտ եղած բենզինի շշից բենզինը լցրել է ավտոմեքենայի մեջ և այրել։ 

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նա փորձել է անգամ վնասել Ալինա Մ․-ին, սակայն վերջինս կարողացել է փախնել նրա մոտից, իսկ Արարատի մարզի ոստիկանները ժամանակին գտնվելով դեպքի վայրում վնասազերծել են Ռ․ Երեմյանին և բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով ոստիկանության Արտաշատի բաժնից փաստաթղթեր են ստացվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ռ․ Երեմյանը հայտնի է «Ռազո» մականվամբ, ով «Ռալինա» ռեստորանային համալիրի տերն է։ Այդ մասին ոստիկաններին հայտնել է տուժած Ալինա Մ․-ն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր