211652_close_icon
views-count11296 դիտում article-date 15:30 26-05-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է գազատար խողովակին. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք։

4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և «Երևանի ԳԳՄ»-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու ուղղությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր