211652_close_icon
views-count856 դիտում article-date 15:36 28-05-2024

Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող, մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ․ Փաշինյանը՝ Սարդարապատում

Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող, մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ:

Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրապետությունը ժողովրդի մասին է, Հանրապետությունը այն պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքևից՝ անհատի քաղաքացի դառնալու ճանապարհով, գյուղացի, աշխատավորի, բոլորին հավասար իշխանություն դառնալու ճանապարհով։

Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես՝ ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր հանրապետությունների հետ։

Մեր խնդիրն է մեր հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելը ոչ թե կենացների, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանեցնելը»,- ասաց նա։
Ավարտելով ուղերձը Փաշինյանը նշեց․

«ՀՀ-ն մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն, բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում, այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է, ու մենք անցնում ենք այդ ճանապարհը, ու մենք հասնելու ենք մեր ավետյաց երկրին, մեր ավետյաց հանրապետությանը»։

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման աջակիցները ավտոերթով գնացել են Սարդարապատի հուշահամալիր և գիշերել այնտեղ։ Այսօր առավոտից Սրբազանը եղել է Հուշահամալիրում, այդ ընթացքում Փաշինյանը չի գնացել Սարդարապատի հուշահամալիր և միայն Սրբազանի ու աջակիցների կողմից Երևան վերադառնալուց հետո Փաշինյանը շքախմբով գնաց Սարդարապատի հուշահամալիր։

Նմանատիպ նյութեր