211652_close_icon
views-count36268 դիտում article-date 22:51 05-06-2024

«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած. ծնվում են նրանք ճիշտ ժամանակին»․ Թալինում բացվեց 2023-ին Տեղ գյուղի համար մղված կռվում նահատակված, լեգենդար թալինցի Մկրտիչ Հարությունյանի (Մգրոյի) հիշատակի հուշարձան-կոթողը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հունիսի 4-ին, Արագածոտնի մարզի Թալինի քաղաքի իր անվամբ անվանակոչված փողոցի կենտրոնական մասում՝ Աղասի Խանջյան-Մկրտիչ Հարությունյան փողոցների խաչմերուկում, տեղի ունեցավ նորագույն պատմության լավագույն հրամանատարների շարքում ամրագրված հետախույզ, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայողի» շքանշանների հետմահու ասպետ Մկրտիչ Հարությունյանի (Մգրոյի) հուշարձան-կոթողի բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Մովսիսյանը, ՀՀ ԶՈւ Հատուկ նշանակության զորամասի հրամանատար, գնդապետ Արգիշտի Վարդանյանը, Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ, Մ․ Հարությունյանի ընտանիքի անդամները, հարազատներ, ընկերներ, զինվորականներ և համայնքի բնակիչներ։ 

Բացման արարողակարգի պատիվը տրվեց Մկրտիչ Հարությունյանի հորը՝ Արմեն Հարությունյանին, կնոջը՝ Անի Տոնոյանին, դուստրերին՝ Եվա, Լյուսի Մկրտչի Հարությունյաններին: Բացումն ուղեկցվեց ՀՀ ԶՈՒ Պատվո նվագախմբի կողմից հնչեցված ՀՀ օրհներգի ներքո: Հոգևորականների կողմից կատարվեց հուշակոթողի օրհնության կարգ: Համընդհանուր աղոթք հնչեցվեց առ Աստված՝Մկրտիչ Հարությունյանի և մյուս քաջորդի ննջեցյալների հիշատակի համար:

Հուշակոթողը կառուցվել է Հատուկ նշանակության զորամասի հրամանատար Արգիշտի Վարդանյանի և մարտական ընկերների ջանքերով և Թալինի համայնքապետարանի աջակցությամբ:

Ելույթով հանդես եկավ ՀՀ ԶՈւ Հատուկ նշանակության զորամասի հրամանատար, գնդապետ Արգիշտի Վարդանյանն, ով իր հիացմունքն ու շնորհակալությունը հայտնեց Մկրտիչ Հարությունյանին:

 «Մկրտիչն այս հողի, ազգի և այս լեռ քարերի պաշտպանն է և դրանց նման կանգնած է բոլոր ոտնձգությունների առջև, Մգրոն միշտ մեր կողքին է լինելու». նշեց Ա. Վարդանյանը` ներկայացնելով հուշակոթողի նշանակությունը:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ , գեներալ-մայոր Սամվել Մովսիսյանի կողմից շնորհակալագիր ստացա` բանակ-հասարակություն կապն ամրապնդելու և հուշակոթողի կառուցման ընթացքում աջակցություն ցուցաբերելու համար: 

«Մենք միշտ խոսում ենք մեր հերոսների քաջագործությունների մասին`ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության և Թալին համայնքի յուրաքանչյուր բնակիչ մեր հերոսի նման ապրի, իր գործում հերոս լինի, և այդ դեպքում մենք կլինենք հզոր ու ուժեղ». նշեցի իմ ելույթի ընթացքում:

Արարողակարգի մասն էր կազմում փոքրիկ միջոցառումը, որի ընթացքում Թալինի մշակույթի տան, Երաժշտական դպրոցի և Թալինի Ավագ դպրոցի աշակերտներն իրենց խոնարհումը բերեցին Մկրտիչ Հարությունյանի հիշատակին։ Տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների խոնարհման արարողություն:

Հպարտ ենք քեզնով Մկրտիչ Հարությունյա՛ն:

Հավերժ փա՛ռք և խոնարհում քեզ ու հավաքվածներն էլ նշում էին Մեծն Սևակի բանաստեղծություններից հայտնի «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած. ծնվում են նրանք ճիշտ ժամանակին» ու ասում էին, որ այս խոսքերը կարելի է ուղղել նաև լեգենդ դարձած հերոս, Թալին աշխարհի հպարտություն, մեր սիրելի «Մգրոյին» ու մենք նրան ու նրա նման բոլոր նահատակված լեգենդ դարձած հերոսներին բացակա չենք դնի։

ՄԿՐՏԻՉ ԱՐՄԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1989-2023

 Մկրտիչ Արմենի Հարությունյանը ծնվել է 1989 թ.-ի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ զինծառայողի ընտանիքում։

 1996 թ.-ին հաճախել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոց, այնուհետև ուսումը շարունակել է Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցում, որն ավարտել է բարձր առաջադիմությամբ 2006 թ.-ին։

 2006 թ.-ին ընդունվել և սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում։

 2007 թ.-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և ծառայել է ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասում։

 2009 թ.-ին զորացրվել է և ուսումը շարունակել «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։

 2013 թ.-ին պայմանագրային ծառայության է անցել դարձյալ ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասում որպես սերժանտ։

 2014 թ.-ին իր բարեխիղճ ծառայության համար ստացել է «Լեյտենանտ» կոչում և զբաղեցրել է հատուկ նշանակության խմբի հրամանատարի պաշտոն։

 2016 թ.-ին ստացել է «Ավագ լեյտենանտ» կոչում և բարձր պատասխանատվությամբ կատարելով ծառայողական պարտականությունները՝ 2017 թ.-ին զբաղեցրել է հատուկ նշանակության N զորամասի սպա-հրահանգչի պաշտոն։

 2016 թ.-ին ծառայողական գործունեությանը զուգահեռ ընդունվել և 2018 թ.-ին բարձր առաջադիմությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Իրավագիտության» ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

 2016 թ.-ին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին՝ ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ջոկատայինների հետ իրականացնելով մի շարք կարևորագույն մարտական գործողություններ, որի արդյունքում հակառակորդին չի հաջողվել գրավել Արցախի Հանրապետության Մատաղիսի շրջանի Թալիշ գյուղը, և թշնամու հատուկ նշանակության զորքերին (Յաշմա) պատճառվել է զգալի կորուստներ։

 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի սպա-հրահանգիչների կազմում մեկնել է Արցախի Հանրապետություն՝ առաջնագծում մարտնչելով ամենաթեժ կետերում (Քարվաճառ, Ջրական (Ջաբրայիլ), Հադրութ, Կուբաթլու, Սղնախ, Շուշի, Քարինտակ, Լիսագոր)։

 Մարտական գործողությունների ընթացքում հատուկ նշանակության ջոկատայինների կազմով մարտնչել և ջախջախել են բազմազգ և վարձկան ելուզակներին։

 Ծառայության ընթացքում հատուկ ջոկատայինների կազմում կատարել է մի շարք պատժիչ գործողություններ:

 2021 թ.-ին ստացել է «Մայոր» կոչում։ Անբասիր ծառայության և փառքով անցած մարտական ուղու համար վերադաս հրամանատարության կողմից առաջադրվել և 2022 թ.-ին նշանակվել է ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում՝ միաժամանակ կատարելով գումարտակի հրամանատարի պարտականությունները։

 2022 թ.-ին իր գումարտակով մասնակցել է սեպտեմբերյան մարտերին՝ հաջող իրականացնելով հատուկ առաջադրանքներ կարևորագույն նշանակություն ունեցող բարձունքում՝ Իշխանասարում։

 2023 թ.-ի փետրվարից նշանակվել է ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի սպայական գումարտակի հրամանատար։

 Ծառայության ընթացքում որպես ռազմական գործի գիտակի, հմուտ հրամանատարի աչքի է ընկել սխրանքներով և իր առջև դրված մարտական խնդիրների իրականացումը գնահատվել է գերազանց։

 Որպես գիտելիքներով զինված հմուտ հետախույզի գործուղվել է մի շարք օտարերկրյա պետություններ, որոնցում կազմակերպված ռազմական միջոցառումներին հանդիսացել է ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների կազմում՝
 2015թ.-ին մասնակցել է Հունաստանում կազմակերպված հատուկ ռազմական դասընթացներին:

 2015թ.-ին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Բլագովեշենսկ քաղաքում եռամսյա լեռնային դասընթացների։

 2017թ.-ին մասնակցել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության (Exercise CAMBRIAN PATROL) զորավարժությանը։

 2018թ.-ին մասնակցել է Իտալիայի Հանրապետության Ալպիական զորքերի զորավարժությանը։

 2019թ.-ին մասնակցել է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում հայ-չինական համատեղ զորավարժությանը։

 2019թ.-ին և 2023թ.-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվող (THE UAE SWAT CHALLENGE) մրցումներին։

 2021թ.-ին մասնակցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում Հայ-Հույն-Կիպրական զորքերի հետ համատեղ զորավարժությանը։

 2022թ.-ին մասնակցել է Սերբիայում կազմակերպված զենք-զինամթերքի ցուցահանդեսին:

2022թ.-ի մարտ-հուլիս ամիսներին գործուղվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն որպես 9-րդ զորախմբի հրամանատարի տեղակալ։

 Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով, ռազմական հետախուզության «Ծառայության համար» կրծքանշանով, ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի Պատվո գրքում զետեղվելու հավաստագրով և մի շարք գերատեսչական պատվոգրերով և շնորհակալագրերով։

  44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար պարգևատրվել է ՀՀ պետական պարգևով՝ Մարտական ծառայության մեդալով։

Մայոր Մկրտիչ Հարությունյանը քաջի մահով զոհվել է 2023 թ.-ի ապրիլի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս։

 2023 թ.-ի ապրիլի 11-ին թշնամու կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, ցուցաբերած բացառիկ արիության և անմնացորդ, անձնազոհ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

 Մկրտիչ Հարությունյանը ամուսնացած է, ունի երկու դուստր։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1025+
1025+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր