211652_close_icon
views-count18851 դիտում article-date 17:29 12-06-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. գազաբենզալցակայանում տեղի է ունեցել գազի բաշխիչ կայանի արտահոսք՝ հրդեհի բռնկումով. ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալը. օպերատիվ են գործել «Գազպրոմ»-ն ու Երևանի ԳԳՄ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին  գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռոստովյան փողոցում՝ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի մոտակայքում գազատար խողովակից տեղի է ունեցել պայթյուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Վելյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող Գրիգոր Քալաջյանին պատկանող գազաբենզալցակայանում տեղի է ունեցել գազի բաշխիչ կայանի խողովակից արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է տեղի ուժերով։

Այրվել է արտահոսած գազը, ջերմահարվել կայանի ցանկապատի երեսպատումը (2 ք․մ), հարակից պատին ամրացված էլվահանակ (1 հատ) և ջարդվել պատուհանների ապակիները։

Հրշեջ-փրկարարները՝ համապատասխան մասնագետի հետ համատեղ, փակել են գազի բաշխիչ կայանի խողովակների փականները, կատարել հովացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ», և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ պայթյունը գազի խողովակից չի եղել, այլ գազի բաշխիչ կայանի խողովակից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:  

Տեղում աշխատել են նաև ոստիկանության էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Ահազանգով ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր