211652_close_icon
views-count925 դիտում article-date 12:07 17-06-2024

Բողոքի ակցիաներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու վարույթով կալանավորվել են Գերասիմ Վարդանյանն ու ևս մի անձ

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթով կալանավորվել են Գերասիմ Վարդանյանն ու ևս մի անձ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։ 

«Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածված ձայնագրության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին և անհնազանդության ակցիաներին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն նյութապես շահագրգռել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց:

Մասնավորապես, մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող հիշատակված հավաքներին մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու նպատակով Վ.Դ.-ն հանդիպել է Գ.Վ.-ին։ Վերջինս Վ.Դ.-ին հանձնարարել է 15.000 ՀՀ դրամ տալ ոմն Սուրիկին, նույնչափ գումար պահել իր մոտ: Բացի այդ, պարզվել է, որ Գ.Վ.-ն Վ.Դ.-ի օժանդակությամբ 5.000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։

Գ.Վ.-ն և Վ.Դ.-ն ձերբակալվել էին, նրանց ներկայացվել են մեղարդանքներ՝ համապատասխանաբար  ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարեու համար։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք, դատարանի որոշումներով, բավարարվել են, և նշված անձինք կալանավորվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Նշված հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում», - ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր