211652_close_icon
views-count814 դիտում article-date 22:08 19-06-2024

ՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացումից մինչև միկրոգործընթացների վերլուծություն․ քննարկվել են ՆԳՆ-ԵՄ արդյունավետ գործընկերության արդյունքները

 «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար կոմիտեի hունիսի 19-ին տեղի է ունեցած 2-րդ նիստին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ուգնե Խմելուսկայտեն, Լատվիայի ոստիկանության նախագծերի բաժնի պետ Յանա Կեզիկան, Ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ, Սահմանապահ զորքերի ծառայողներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և Ծրագրի թիմին՝ ՆԳ նախարարության բարեփոխումների մեկնարկից ի վեր մշտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար։

«Անցած տարի, երբ ծրագիրը մեկնարկեց, մենք գտնվում էինք ՆԳՆ կազմավորման փուլում, երբ նոր էր գծագրվում կառուցվածքը, հաստիքային միավորներն էին հաշվարկվում։ Ուրախ եմ, որ այսօր կարող եմ փաստել, որ նախարարության կազմավորման աշխատանքները 90 տոկոսով ավարտված են, որովհետև կա թե՛ կանոնադրությունը, թե՛ հաստիքային միավորները, թե՛ հստակ գործառութային տարանջատում նախարարության և ոստիկանության միջև, ինչը հենց ռեֆորմների տրամաբանության մեջ էր դրված, որպեսզի մենք կարողանանք ճիշտ քաղաքացիական վերահսկողություն ապահովել նախարարության ենթակայության տակ գտնվող երեք ենթակա պետական մարմինների համար»,-իր խոսքում նշել է Արփինե Սարգսյանը:

Անդրադառնալով նախարարության աշխատակազմի կադրերի ընտրության գործընթացին՝ փոխնախարարն ընդգծել է բաց և թափանցիկ մրցույթային ձևաչափի, ինչպես նաև հանձնաժողովներում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը։

Խոսելով Ծրագրի թիմի աջակցությամբ իրականացված ինտենսիվ քննարկումների մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ շատ դեպքերում դրանք վերաճել են վերապատրաստումների՝ թույլ տալով նախարարության վարչությունների մակարդակում նույնականացնել հստակ գործառույթներ, նախատեսել ճիշտ մեթոդաբանական գործիքակազմեր, կանոնադրական խնդիրների իրականացման արդյունավետ ուղիներ։

Անդրադառնալով ձեռքբերումներին՝ փոխնախարարն առանձնացրել է ծառայությունների մատուցման որակի վերահսկողության, ռազմավարական պլանավորման, միջազգային համագործակցության ուղղություններով գործընթացների ստանդարտացման ուղղությամբ կատարված աշխատանքը, նախարարությանը ենթակա երեք պետական մարմինների գործունեության գնահատմանը, միկրոգործընթացների մանրամասն վերլուծությանը, կառուցվածքային և գործառութային բարելավումների իրականացան համար առաջարկների ներկայացմանը, ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։

Կարևորելով նաև ՆԳՆ կրթահամալիրին ուղղված աջակցությունը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ կոնսենսուսային մոդուլների ձևավորմամբ կրթահամալիրում իրականացվում են քրեական ոստիկանների վերապատրատումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հատուկ կարևորվել է նաև ծրագրի շրջանակում աջակցությունը Սահմանապահ զորքերի ոլորտի բարեփոխումներին։ Մասնավորապես, ուսումնասիրվել է ԵՄ երկրների լավագույն փորձը, իրականացվել են ծառայողների կարողությունների զարգացման ու փորձի փոխանակման միջոցառումներ, ձեռք են բերվել համաձայնություններ՝ ոլորտի բարեփոխման համար անհրաժեշտ հետագա համատեղ քայլերի վերաբերյալ։

«Եվրոպական միությունը հետևողական է Ծրագրի շրջանակում Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու ուղղությամբ իրականացվող գործընթացին։ Այսօր ինձ համար շատ հետաքրքիր է տեսնել Ծրագրի արդյունքները, լսել առաջարկություններ՝ լրացուցիչ կարիքների վերհանման և համատեղ դրանց լուծման ուղիներ նախանշելու համար»,-նշել է Սիլյա Կասմանը։

Նա իր ելույթում անդրադառնալով համանման իրավապահ համակարգ ունեցող երկրներում բարեփոխումների գործընթացի հաջող փորձին՝ կարևորել է հատկապես Լատվիայի և Լիտվայի լավագույն փորձը և նշել, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը։

Նշվում է, որ Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ուգնե Խմելուսկայտեն և Լատվիայի ոստիկանության նախագծերի բաժնի պետ Յանա Կեզիկան իրենց ելույթներում անդրադարձել են հայաստանյան գործընկերների հետ համագործակցված աշխատանքին:

Ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը ներկայացրել է Ծրագրի աշխատանքային պլանը, առաջին բաղադրիչի գործունեության արդյունքները։

Ծրագրի աշխատանքային պլանի մյուս բաղադրիչներին են անդրադարձել թիմի փորձագետները՝ ներկայացնելով իրականացված միջոցառումներն ու գրանցված արդյունքները։

Ծավալվել է ակտիվ քննարկում։ Հաստատվել է Ծրագրի կատարողականը, նաև առաջիկա 6 ամիսների գործողությունների պլանը։
Արփինե Սարգսյանն ամփոփիչ խոսքում ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից ծրագրի շրջանակում, ինչպես նաև դրանից դուրս ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերված շարունակական աջակցության համար։

Երկամյա ծրագիրն իրականացնում են Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում (CEPA) և ԵՄ լավագույն փորձի առաջնահերթություններին համահունչ։

Նմանատիպ նյութեր