211652_close_icon
views-count922 դիտում article-date 20:48 22-06-2024

Հակոբ Արշակյանը հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահի հետ

Ազգային ժողովի լրատվության վարչությունից հայտնում են, որ  ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահ Ուան Յենլիի հետ:

«Սա առաջին պաշտոնական պատվիրակությունն է, որ Հայաստանից երբևէ այցելում է Հուբեյ նահանգ, և պետք է նշեմ, որ դրական զգացողություններ ու տպավորություններ ունեմ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Ուան Յենլին առանձնակի կարևորել է նման հանդիպումները, որոնք փոխադարձ շփումների արդյունքում առավել զարգանում են՝ հույս հայտնելով, որ դրանք հարաբերությունների ընդլայնման համար լավ հիմք կլինեն:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումային ծրագրեր իրականացնելու, թե՛ համագործակցության համար:

Կարևորելով Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ այն առավել կզարգացնի երկու երկրների միջև համագործակցության ուղղությունները:

Ուան Յենլին, անդրադառնալով Չինաստանի և Հայաստանի միջև գործող ծրագրերին, ընդգծել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը նոր հորիզոններ է բացում ապագայում:
Մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի՝ գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ զարգացվածության մասին: Նա նաև հավելել է, որ ուրախ կլինի Հուբեյ նահանգի և Հայաստանի միջև տնտեսական, տեխնոլոգական, գիտության և կրթության ոլորտներում հարաբերությունների խորացմամբ:

Զրուցակիցները կարևորվել են Հայաստանի մարզերի, քաղաքների և Չինաստանի նահանգների ու քաղաքների միջև համագործակցության զարգացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Հայկ Ցիրունյանը, Թագուհի Ղազարյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նմանատիպ նյութեր