211652_close_icon
views-count904 դիտում article-date 21:23 24-06-2024

ԱՄՆ-ն Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին արտասահմանյան լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։

Միևնույն ժամանակ՝ նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները շատ անհանգստացած են «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության փոքր թվով առաջնորդների որոշումներով և հռետորաբանությամբ։ 

Օ'Բրայենի պնդմամբ՝ Վրաստանի իշխանությունների գործողությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու Թբիլիսիի ձգտումներին:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, ինչը հարուցել է Եվրամիության և ԱՄՆ-ի կոշտ հայտարարությունները։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը սկսում է Վաշինգտոնի և Թբիլիսիի համագործակցության համապարփակ վերանայումը՝ կապված Վրաստանում ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ։ 

Պետդեպարտամենտը հայտարարել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության անդամների, խորհրդարանի և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահների նկատմամբ վիզային պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված ընդունված օրենքի հետ։

Նմանատիպ նյութեր