211652_close_icon
views-count985 դիտում article-date 15:25 27-06-2024

Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, որը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իր՝ մարզպետի պաշտոնից հեռանալը կապ չունի Նիկոլ Փաշինյանի «դուշ-կախիչ» օպերացիայի հետ։

«Ես անձնական պատճառներ եմ ունեցել, և  դիմում եմ գրել ու ազատվել մարզպետի պաշտոնից»,- ասաց նա։

Հարցին, եթե մարզպետի պաշտոնից ազատվել եք, ուրեմն լավ մարզպետ չէի՞ք, նա ասաց․ «Ես չասացի՝ լավ մարզպետ եմ, կամ վատ, ես ասացի, որ ես իմ անձնական պատճառներն եմ ունեցել, դիմում եմ գրել ազատման։ Հիմա վարչապետն առաջարկել է ինձ խորհրդականի, ինչի համար շնորհակալ եմ պաշտոնում, և ես համաձայնել եմ»։

Իսկ թե որ ոլորտում է խորհուրդ տալու Փաշինյանին, նա ասաց, որ երբ վարչապետի հետ կքննարկեն, թե ինչ ոլորտ է համակարգելու հենց այդ ոլորտի շրջանակներում էլ կաշխատի։ Նա նշեց, որ զինվորական է և աշխատել է նաև որպես մարզպետ։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Փաշինյանին խորհուրդ տաք, որ մեր կորցրած տարածքները՝ Արցախից սկսած մինչև Ջերմուկ, հետ բերի, Խաչատրյանն ասաց․ «Մեր ՀՀ տարածքը 29 743 քկմ է և դա չի էլ քննարկվում։ Իսկ այն տարածքները, որ հիմա Ադրբեջանի տիրապետության տակ է, պետք է վերադարձվեն, վարչապետը բազմիցս ասել է դրա մասին։ Դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն»։

Նա ընդգծեց, որ հիմա մեր օրակարգում խաղաղության պայմանագրի կնքումն է և  չպետք է շեղվել խաղաղության պայմանագրից։ Նա վստահություն հայտնեց, որ Ադրբեջանն էլ կարձագանքի խաղաղության պայմանագրի կնքմանը։

Նմանատիպ նյութեր