211652_close_icon
views-count1057 դիտում article-date 23:33 02-07-2024

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող նստաշրջանի ժամանակ․

«Հարգելի' գործընկերներ,
Խոսելու եմ Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության համատեքստում անվտանգային մշտական մարտահրավերների, ինչպես նաեւ այն մասին, որ ներազգային պառակտվածության մթնոլորտում Հայաստանը բախվում է կառավարման ավտորիտար ռեժիմի շարունակական հաստատման հետ:

Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության անկման մասին` շեշտելով ոստիկանական ապօրինի գործողությունները, բռնություններն ու խոշտանգումները, ընդդիմադիրների նկատմամբ անօրինական քրեական հետապնդումները, խորհրդարանական եւ համայնքային ընդդիմադիր ընտրված ղեկավար անձանց պաշտոնանկությունները, որոնք վկայում են իշխող ուժի կողմից իշխանության յուրացման եւ կենտրոնացման մասին:

Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերով հետապնդումներն ու քաղաքական բռնաճնշումների իրականացումը դարձել են սովորական գործելաոճ: Ընդդիմադիր հայացքների համար ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ են ապօրինաբար բանտարկվել, նրանցից շատերը միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն քաղաքական բանտարկյալներ են:

Իշխանության կողմից ոտնահարվում են ժողովրդավարական պետության առանցքային ինստիտուտները: Ատելության խոսքն ու բացահայտ թշնամանքն օգտագործվում են լռեցնելու նրանց, ովքեր համարձակվում են ընդդիմանալ ռեժիմին:

Դատական համակարգի անկախության վերաբերյալ խոր մտահոգություններ է հայտնել նաեւ Դատավորների եվրոպական միությունը:

Չնայած տասնյակ հաղորդումներին եւ արձանագրված փաստերին` ոչ մի ոստիկան քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Մենք անգամ ականատես ենք եղել ընդդիմադիր պատգամավորի հետ կապված իրողության, երբ ԱԺ պատգամավորը տասնյակ ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկել իր կուսակցության գրասենյակի դիմաց:

Լայնամասշտաբ վերջին խաղաղ հանրահավաքի ժամանակ ոստիկանությունն անիրավաչափ ուժ եւ հատուկ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, կրկնում եմ` խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով վիրավորում եւ բեկորային վնասվածքներ ստացան հարյուրից ավելի ցուցարարներ, այդ թվում` 10 լրագրող: Ոմանք հետագա կենսունակության հետ կապված խնդիրներ ունեցան:

Հայաստանի կառավարության գլխի կողմից խրախուսվող ոստիկանական բռնությունները Մարդու հիմնարար իրավունքների եւ միջազգային չափանիշների բացահայտ ոտնահարում են, որոնք սպառնալիք են զարգացման ժողովրդավարական ուղին ընտրած հայ ժողովրդին:

Հարգելի' գործընկերներ,
Կոչ եմ ուղղում ձեզ` դատապարտել Հայաստանում ժողովրդավարության շարունակական անկումը եւ համերաշխություն հայտնել իրավական պետություն կառուցելու Հայաստանի քաղաքացիների հավատարմությանը:

Եզրափակելով` դիմում եմ ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հարցերով զեկուցողին եւ առաջարկում այցելել Հայաստան, տեղում ուսումնասիրել իրավիճակն ու անել համապատասխան հետեւություններ»։

Նմանատիպ նյութեր