211652_close_icon
views-count1156 դիտում article-date 18:16 03-07-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամներին՝ առաջնորդությամբ Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Սարգսյանի։

Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ պատանիները Հայաստան են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և կամավորական ծրագրերին մասնակցություն բերելու համար։

Հայոց Հովվապետը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, ընդգծել է, որ պատանիների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն հնարավորություն է ընձեռնում նրանց ճանաչելու Հայրենիքը, զորացնելու հայրենասիրական ոգին ու հավատի ապրումը։

Այս առիթով Նորին Սրբությունը պատգամել է պատանի ուխտավորներին առավել ամրացնել ազգային ինքնության գիտակցությունը և նախանձախնդրությունն ազգային արժեքների նկատմամբ՝ դրանք դարձնելով իրենց կյանքի հիմն ու հայրենանվեր առաքելության շարժիչ ուժը։

Նմանատիպ նյութեր