211652_close_icon
views-count153231 դիտում article-date 10:54 19-07-2024

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ «Յակ-52» ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ․ ժամանել են ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ՝ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։

Այս պահին դեպքի վայրում հայտնաբերվել է վթարված «Յակ-52» ինքնաթիռ, որի մեջ հայտնաբերել են 2 դի։ Այն բախվել է հողաթմբին, ապա ապառաժ քարերին: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահերը։ 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Տեղում ծառայություն են իրականացնում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի մարզի ռազմական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը և ոստիկանությաւն Նաիրիի բաժնի պետի պաշտոնակատար Տիգրան Շահնազարյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի գլխավորությամբ, սակայն դեպքի փաստով քննությունը կատարելու է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունը։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանը։ 

Դեպքի վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Խոսնակը հաստատել է, որ ավիաաղետի հետևանքով 2 օդաչուները զոհվել են:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր