211652_close_icon
views-count90126 դիտում article-date 11:22 24-07-2024

Արաբկիրի ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին Երևանում Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոնի վրա կրակոցներ արձակողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ (վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ (վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի), ոստիկանության Արաբկիրի բաժնի՝ (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի), ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ (վարչության պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ) համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ՝ (բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ), հայտնաբերել են հուլիսի 20-ին Երևանում հրազենի գործադրմամբ ծանրամարտի Հայաստանի նախկին չեմպիոն 38-ամյա Վարդան Դավթյանին հրազենային վնասվածքներ պատճառող կասկածյալին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նա թաքնվում է Գեղարքունիքի մարզի Գետիկ բնակավայրում և ոստիկանները, մեկնելով նշված գյուղ, պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Կարճ ժամանակում ոստիկանները դարանակալման արդյունքում նշված բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերում են կասկածյալին, ձերբակալում, ապա տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրա վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերով նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանում հաշվառված 49-ամյա Գոռ Աբրահամյանն է:

Վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 20-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ  տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Խաչատրյան 23 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկանյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայր էին ժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների պետերը ճշտել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Վարդան Դավթյանն է:

Դեպքի վայրից քիչ այն կողմ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել էին «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղում հայտնաբերվել էին արնանման հետքեր, իսկ ավտոեմեքենայի սրահում առկա էին կրակոցի հետքեր:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ վիրավորը Հայատսանի ծանրամարտի նախկին չեմպիոն է:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր