211652_close_icon
views-count19319 դիտում article-date 12:04 29-07-2024

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հոսանքահարված մարմին. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը

Երեկ՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու 1-ին փակուղում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը և ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված փակուղի, որտեղ հայտնբերել են տղամարդու դի:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոսստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 16:30-ի սահմաններում նշված փակուղու հարևանությամբ գտնվող հողամասում՝ աշխատանքներ կատարելիս, Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արամ Մ.-ն հոսանքահարվել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածի ձեռքին եղել է առկա լարման տակ գտնով հոսանքի լար:

Ըստ տեղեկությունների Նարեկացի փակուղում նորակառույց շինությանը խանգարող հոսանքալարերը պետք է տեղափոխվեր որպեսզի այն խոչընդոտ չհանդիսանար շինությանը: Այդ ծանր գործը իր վրա է վերցրել Արամ Մ-ը, որը պետք է արվեր ՀԷԿ_ի կողմից, որն էլ դարձել Վանաձորում սիրված ու հարգանքի արժանի մարդու մահվան պատճառ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր