211652_close_icon
views-count904 դիտում article-date 19:04 06-08-2024

Ի՞նչ ազդեցություն կթողնեն ամերիկյան F-16-ներն ուկրաինական պատերազմի վրա․ «Ամերիկայի ձայն»

Փորձագետներն անդրադարձել են Ուկրաինային ամերիկյան հայտնի F-16 կործանիչների մատակարարմանը՝ առաջարկելով օդանավերը ռուսական գրոհներից պաշտպանել հատուկ անգարներում, չկենտրոնացնել դրանք մեկ վայրում, տեղադրել F-16-ների մակետներ՝ ռուսական ռազմուժին ապակողմնորոշելու համար: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Թեև ռազմաճակատում Ռուսաստանի հաջողությունները աննշան են, սակայն փաստն այն է, որ Ուկրաինան շարունակում է զիջել, և այս համատեքստում ակնհայտ է, որ F-16-ները միայն կամրապնդեն ուկրաինական զինուժի կարողությունները։

Դիտորդները, սակայն, ընդգծում են՝ ամերիկյան կործանիչները չեն կարող որոշել պատերազմի ելքը:

Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) ներկայացուցիչ Ֆեդերիկո Բորսարիի խոսքով, F-16-ները, ամենայն հավանականությամբ, կկատարեն երեք հիմնական առաքելություն՝ կձգտեն դիմագրավել ռուսական հրթիռներին ու անօդաչուներին, որոնք շարունակաբար հարվածներ են հասցնում ուկրաինական կողմին, կնշեն հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը, «օդ-երկիր» հրթիռներով հարվածել ռուսական դիրքերին և զինամթերքի պահեստներին.

«Նրանք կկարողանան ազդել [պատերազմի] դինամիկայի վրա»,- ասում է Բորսարին:

Ուկրաինային հատկացված F-16-ների մասին տեղեկատվության մեծ մասը գաղտնի է, ներառյալ, թե արևմտյան կառավարություններն ինչ թիրախների են թույլատրելու հարվածել, ինչ հրթիռներով են զինված ինքնաթիռները:

Հայտնի է, որ F-16-ները կարող են կրել Մեծ Բրիտանիայի կողմից մատակարարված Storm Shadow թևավոր հրթիռներ՝ ավելի քան 250 կիլոմետր հեռահարությամբ, որոնք կարող են խոցել Ռուսաստանում գտնվող թիրախներ: Նրանք կարող են նաև կրել «օդ-օդ» տիպի հեռահար հրթիռներ, որոնք կարող են թիրախավորել ռուսական ռմբակոծիչներն ու կործանիչները: Ինքնաթիռի առաջադեմ ռադարներն ուկրաինացի օդաչուներին թույլ կտան որոշակիացնել թիրախները ավելի մեծ հեռավորությունների վրա, քան կարող են Миг-29-ը, Су-27-ը և Су-24-ը:

Գաղտնիք չէ, որ պատերազմի ժամանակ գերիշխանությունը երկնքում ռազմական գործողությունների հաջողության կարևոր նախապայմանն է, քանի որ օդուժը յուրատեսակ հովանոց է զորքերի համար: Սակայն առաջնագծում ուկրաինական զորքերի տեղաշարժին աջակցելը կարող է ռիսկային լինել F-16-ների համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի հակաօդային պաշտպանության կարողությունները:

Կործանիչները կարող են նաև հոգեբանական ազդեցություն թողնել ռուսական զորքերի վրա և ամրապնդել ուկրաինական կողմի իքնավստահությունը։

Լոնդոնի Քինգզ քոլեջի պաշտպանական հետազոտությունների բաժնի աշխատակցուհի Մարինա Միրոնը թվարկում է այն խնդիրները, որոնք Ուկրաինան պետք է հաղթահարի F-16-ների հետ միասին:

ԱՄՆ-ում և Եվրոպայում ուկրաինացի օդաչուների մոտ ինը ամիս տևած ուսուցումը՝ արևմտյան օդաչուների պարագայում անցկացվող եռամյա դասընթացի փոխարեն, որոնք նախատեսված են F-16-ները յուրացնելու համար, կարող է սահմանափակել կործանիչների արդյունավետությունը:

F-16-ների գործարկումը պահանջում է նաև մեծ թվով, այսպես կոչված, աջակցող անձնակազմ՝ տեխնիկական սպասարկման համար ինժեներներ, զինամթերքը ինքնաթիռներում տեադրողներ, հետախուզական տվյալների վերլուծաբաններ և շտապ տեխնիկական օգնության աշխատակիցներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր