211652_close_icon
views-count1972 դիտում article-date 09:13 29-09-2022

ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջամնում դրական ազդեցություն է ունենում՝ բերելով անվտանգության երաշխիքներ. ՀՀ ԱԽ քարտուղար․ «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ԱՄՆ-ի միջնոդությամբ հանդիպել է նաև ադրբեջանական կողմի հետ: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Գրիգորյանն անդրադարձել է հանդիպմանն ու այլ հացերին: Զրույցը կայացել է սեպտեմբերի 28-ի սահմանային վերջին բախումներից առաջ։

Ես հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին ուղիղ և կառուցողական բանակցությունների համար, թվիթերյան գրառման միջոցով հայտնել է ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ անդրադառնալով իր մասնակցությամբ Սպիտակ տանը սեպտեմբերի 27-ի բանակցություններին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև: Սալիվանը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են հետագա բռնություններից խուսափելու և ժամանակային ու կենտրոնացված բանակցություններ վարելու հետ կապված հարցեր: Մենք նաև բացահայտեցինք առաջ շարժվելու կոնկրետ քայլեր՝ կայուն խաղաղության հաստատմանն աջակցելու համար, հայտնել է Սալիվանը:

«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումը գնահատում է «արդյունավետ»:

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաները: Դրանք առնչվում են ապաշրջափակման, դելիմիտացիայի, սահմանային անվտանգության, ինչպես նաև այլ հարցերի հետ, որոնք տարածաշրջանին բերում են կայունություն և խաղաղություն»,-ասել է Գրիգորյանը:

Իր հերթին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հանդիպմանը՝ թվիթերյան գրառման միջոցով երախտագիտություն հայտնելով ամերիկյան կողմին հանդիպման համար: Իր գրառման մեջ Հաջիևը նշել է՝ «Մենք բարձր ենք գնահատում Ջեյք Սալիվանի ջանքերը Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպման համար՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության օրակարգը քննարկելու և առաջ մղելու համար»:

Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:

«Այս ուղղություններով հստակություն ենք փորձել մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում, և այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս թեմաների շուրջ է եղել կոնկրետությունը, թե ինչպես ենք առաջ շարժվում»:

Գրիգորյանը հիշեցնում է, որ բացի իրենց հանդիպումների ձևաչափից, հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում այլ ձևաչափերով ևս՝ արտգործնախարարների, փոխվարչապետերի ու ազգային անվտանգության ծառայության պետերի մակարդակով: Այս ամենի հետ մեկտեղ, ըստ Գրիգորյանի, առկա են նաև երկրի ղեկավարների հանդիպումները, որոնք կապված են այլ ձևաչափերում արձանագրված առաջընթացի հետ:

Նա մատնանշում է երկու հիմնական գործոններ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական վերջին բախումների ժամանակ: Ըստ նրա՝ դրանք են հայկական բանակի պատասխան գործողություններն ու ամերիկյան կողմի ներգրավվածությունը:

«Պետքարտուղար Բլինքենի անձանբ ներգրավվումը, ով մի քանի զանգ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև այլ մակարդակներում ԱՄՆ ինտենսիվ ներգրավվածությունը փորձել է կանգնեցնել էսկալացիան: Այս առումով այս երկու գործոններն են կարևոր դեր խաղացել՝ այսինքն հայկական բանակի պատասխանը և ամերիկյան կողմի ներգրավվածությունը»,- ասում է Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ:

Նմանատիպ նյութեր