211652_close_icon
views-count96059 դիտում article-date 10:03 11-08-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են մի քանի տոննա ցորենով բարձված «SHAANXI»-ը, թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսը և «Toyota»-ն․բեռնատարը կողաշրջվել է․ կա 20 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են մի քանի տոննա ցորենով բարձված «SHAANXI»-ը ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վիրավորներից մի քանիսին էլ հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով։

Օպերատիվ են գործել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները վիրավորներից մի քանիսին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները, այս պահին էլ կողաշրջված բեռնատարը հոսանքազրկում են և կատարում են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ առաջացել է նաև դիզվառելիքի արտահոսք։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը նույնպես, ըստ ստացված տեղեկությունների, վթարի մասնակից է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատար Ա․ Դադոյանն ու վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր