211652_close_icon
views-count1738 դիտում article-date 14:50 15-08-2024

«Դավիթն անընդհատ ինձ հետ է, կարծես անընդհատ ինձ կանչի՝ գա՛նձս». ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելացի էր Դավիթս: Բնավորությամբ հանգիստ էր, բայց նաև շատ ակտիվ: Ամեն հարցում, գործում ուզում էր առաջինը լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լյուդմիլան՝ Դավիթի մայրիկը:

Դավիթը ծնվել է Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն գյուղում: Այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը: Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը: Մայրիկը նշում է՝ որդին դպրոցում, դասարանում ևս փորձում էր միշտ առաջինը լինել: «Շատ էր սիրում իր գյուղը: Գյումրիում ծառայելու ժամանակ տետրի մեջ մի էջի վրա նկարել է Վերնաշենը, յուրահատուկ ջերմությամբ էր վերաբերվում իր գյուղին»: Տիկին Լյուդմիլան նշում է՝ իր երեք երեխաներն էլ սովորել են գյուղի դպրոցում, ավարտել այն գերազանցությամբ, հետո ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ:

«Դավիթս իր ուժերով ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման բաժինը: Սովորում էր գերազանց: Այդ մասնագիտությունն իր երազանքն էր, բայց, ավաղ, հասցրեց միայն մեկ կիսամյակ ուսանող լինել:

Սպորտ էր շատ սիրում, հատկապես՝ ֆուտբոլ: Գյուղի ֆուտբոլի թիմում էր խաղում: Տղաներն անգամ ասում էին՝ հասակը գետնի վրա չի երևում, բայց այդ ինչ ֆուտբոլ է խաղում: Մի անգամ, երբ դեռ փոքր էր, եկավ տուն ու ասաց՝ գա՛նձս, մի սխալ բան եք արել: Երբ հարցրեցի, թե՝ ինչ, արձագանքեց՝ պետք է մանկուց ֆուտբոլի հաճախեի, կարող էի սպորտում մեծ հաջողություններ ունենալ: Շատ հետո նկուղում քաղցրավենիքի մի դատարկ տուփ գտա, որի վրա գրել էր բրազիլացի բոլոր ֆուտբոլիստների անունները: Այդ տուփը դրել էր նկուղում, երբ պատահական բացեցի ու հասկացա, որ Դավիթիս ձեռագիրն է, սկսեցի կարդալ: Տուփը հիմա տանն իր անկյունում դրված է: Չէր սիրում, երբ իր իրերին ձեռք էին տալիս, ամեն ինչ սրբությամբ էր պահում, ամեն ինչի հանդեպ շատ ուշադիր էր: Հիմա իր անկյունում այնքան իրեր կան, որ անգամ տեղ չի մնացել ինչ-որ նոր բան ավելացնելու:

Յուրահատուկ երեխա էր, դպրոցի ուսուցիչներն են փաստում՝ նման աշակերտներ շատ քիչ ենք ունենում: Հիմա իր ուսուցիչներից յուրաքանչյուրը դասարան մտնելիս պատմում է Դավիթի մասին: Նրան որպես կարգապահության օրինակ են բերում ցանկացած աշակերտի»: Որդին մայրիկին միշտ «գանձս»-ով է դիմել, ու պատահական չէ, որ Դավիթի զոհվելուց հետո նրա մասին լույս տեսած գիրքը մայրիկը վերնագրել է՝ «Դավիթ գանձս»: «Ինձ գանձս էր ասում, մամա չէր ասում, իր ապրած 20 տարվա ընթացքում երևի 20 անգամ ինձ մամա չի ասել, «գանձս»-ով էր դիմում: Դավիթս շատ ծնողասեր էր»: Դավիթը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 10- ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրու ուսումնական զորամասում՝ հակատանկային մարտկոցում, հետո տեղափոխվել է Հադրութ: Դավիթն ավագ սերժանտ էր, դիրքի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ, տիրապետում էր ֆագոտ զենքին: «Շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: Մեկ օր չի տրտնջացել, մեկ օր անգամ չի ասել, որ չէր ուզենա ծառայել:

Դավիթը քույրիկից ու եղբորից փոքր է 12 և 10 տարով, նրանք իրենց երեխայի պես էին Դավիթին պահում, նա կարծես բոլորիս երեխան լիներ: Մի անգամ մեծ տղաս՝ Կարենս, Դավիթին ասաց՝ գերազանց սովորում ես, տարկետում ստացիր, ուսումդ շարունակիր: Դավիթը մերժեց՝ երբ տեսնում եմ, որ ինչ-որ տղա չի ծառայել, զարմանում եմ, տղան պետք է ծառայի, երկու տարի է, պարտքս կտամ, կգամ, ուսումս կշարունակեմ: Իր ծառայությունն էլ շատ լավ էր անցնում, ինքը գոհ էր, քանի որ սիրված ու հարգված էր բոլորի կողմից: Ընկերները շատ են պատմում, որ Դավիթը յուրահատուկ վերաբերմունք ուներ նորակոչիկների նկատմամբ, որևէ մեկն իրավունք չուներ անգամ ծուռ աչքով նայել նրանց, հակառակ դեպքում Դավիթին պատասխան պիտի տար»: Հետո սկսվեց պատերազմը: Ինչպես ծառայության ժամանակ, այնպես էլ պատերազմի օրերին Դավիթն այդպես էլ չդժգոհեց իրենց բաժին հասած դժվարություններից: «Հոկտեմբերի 5-ին իր 20-ամյակը մարտի դաշտում է նշել: Այդ օրը չզանգեց, հաջորդ օրը խոսեցինք, ասացի՝ Դա՛վ ջան, երեկ չզանգեցիր, որ 20-ամյակդ շնորհավորեի:

Զրուցեցինք: Օրումեջ էր զանգում: Հոկտեմբերի 8-ին հարցրեց՝ գա՛նձս, ի՞նչ են ասում, էս պատերազմին վերջ չկա՞: «Դավի՛թ ջան, բան չեն ասում»: «Ուզում եմ պատերազմը վերջանա, չեք պատկերացնում, թե ինչ տղաներ ենք կորցնում»»: Դավիթը եղել է Կարախամբեյլի կոչվող տեղամասում: «Ամենաբարձր դիրքում է եղել իր ֆագոտով: Իր անունը ֆագոտի կոնստրուկտոր էին դրել, ասում են՝ ֆագոտը քանդում, հավաքում էր: Իր կապիտանն է ասում՝ Դավիթն անվախ էր, միայնակ մտավ չեզոք գոտի, ՏՈՍ համակարգը ոչնչացրեց»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 9-ին: «Հոկտեմբերի 8-ին բավականին երկար զրուցեցինք: Իբր հրադադար էր, մենք էլ մի քիչ հանգստացել էինք: Զոհվելու օրն իր հրամանատարի հետ նստել են զենքերը մաքրելու, կարգավորելու՝ մտածելով, որ մի քիչ հանգիստ է: Դիպուկահարը երկուսին էլ թիրախավորում է: Հիմա մտածում եմ՝ Դավիթս շատ ակտիվ էր մարտի դաշտում, և երևի իրեն հետևում էին»: Դավիթը շուտ է տուն «վերադարձել»:

«Զոհվելուց անմիջապես հետո կապիտանի կարգադրությամբ իրեն իջեցնում են Հադրութ, ճանապարհում Գորիս: Հոկտեմբերի 11-ին մենք արդեն իմացել ենք Դավիս մասին: Տեսել եմ իմ Դավիթիս, կարողացել եմ հրաժեշտ տալ»: Հիմա Դավիթը հայրենի գյուղում է՝ փոքրիկ պանթեոնում: «Գյուղում չորս զոհ ունենք, մեկ անհետ կորած»: Ապրելու ուժի մասին: «Եթե պատկերացնեմ, որ Դավիթս չկա, կարող եմ խելագարվել: Նա կարծես անընդհատ ինձ հետ է՝ իր ձայնը, իր կանչելը: Նա, կարծես, ինձ անընդհատ կանչի՝ գա՛նձս: Կարծես անընդհատ իրեն սպասեմ, սպասեմ, որ պետք է վերադառնա, չեմ ուզում պատկերացնել, որ չի գալու: Եթե մի քիչ ավելի խորը մտածենք, երևի կխելագարվենք: Դավիթից հետո առաջին օրերին ոչինչ չէի ուտում, անում էի դա մտածված, որ Դավիթիս մոտ գնամ: Բայց երեխաներս ասացին՝ մա՛մ, քո համար միայն Դավի՞թն էր, ախր մենք էլ կանք, չէ՞: Կարենս ասաց՝ եթե այսպես ես անելու, ուրեմն ինձ կմոռանաս, կիմանաս, որ էլ տղա չունես: Ու սկսեցի քիչ-քիչ հաց ուտել: Դավիթս մեր տան փոքրն էր, ես այնքան կապված էի իր հետ:

Իմ ընկերն էր, իմ գաղտնարանն էր, Դավիթն էր իմ գաղտնիքները պահողը: Զանգահարում էր ծառայության տեղից, հեռախոսին պատասխանում էի, ասում էր՝ ո՞նց ես, գա՛նձս, ի՞նչ է եղել: Պատասխանում էի՝ ոչինչ, արձագանքում էր՝ մի տեսակ ասացիր «ալո», քո Դավիթին չես կարող խաբել: Չէիր կարող իրենից ոչինչ գաղտնի պահել: Մի անգամ էլ աղջիկս մեր տանն էր, Դավիթս զանգեց, զրուցեցինք բավականին երկար, գնացի բակ, վերադարձա տուն, դեռ խոսում էի, զանգն անջատելուց հետո աղջիկս ասաց՝ մա՛մ, մենակ չասես, որ մինչև հիմա Դավիթի հետ էիր խոսում, այնքան հետաքրքիր է, թե ի՞նչ էիք այդքան երկար խոսում: Ու երկուսս էլ սկսեցինք ծիծաղել: Դավիթիս պետք է բոլոր նորությունները պատմեի, թե գյուղում բոլորն ինչպես են, ինչ նորություն կա, հակառակ դեպքում ձեռքից չէի պրծնի: Իր մասին այս հիշողություններն են ինձ ամուր պահում ոտքի վրա»:

Հ. Գ. - Ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Վերնաշենի գերեզմանատանը:

Նմանատիպ նյութեր