211652_close_icon
views-count1426 դիտում article-date 21:30 15-08-2024

Գիտության ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցության շրջանակներում կանցկացվի համատեղ նախագծերի աջակցության մրցույթ

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ նախատեսում է անցկացնել գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ - ՎԳԱՀ - 2024» միջազգային մրցույթը՝ համաձայն Կոմիտեի և Հիմնադրամի միջև 2023թ․հունիսի 7-ին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի դրույթների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, մրցույթի նպատակն է աջակցել «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» ու «Հասարակական և հումանիտար գիտություններ (մասնավորապես՝ հայագիտության և վրացագիտության» բնագավառներում գիտական հետազոտությունների զարգացմանը գիտնականների շարժունության ակտիվացման միջոցով:

Ըստ աղբյուրի՝ մրցույթին մասնակցության համար նախագծերը կպատրաստվեն ՀՀ և Վրաստանի հետազոտական խմբերի կողմից համատեղ՝ հայտերը ներկայացնելով Կոմիտե և Հիմնադրամ: Հայտերը կենթարկվեն փորձաքննության Կոմիտեի և Հիմնադրամի կողմից՝ յուրաքանչյուր կողմի սահմանած ընթացակարգերին համապատասխան: Ֆինանսավորման կերաշխավորվեն երկուստեք հավանության արժանացած հայտերը:

Նշվում է, որ մրցույթի հրավերի տեքստը և ժամկետների մասին տեղեկությունը կհրապարակվի լրացուցիչ Կոմիտեի և Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի պաշտոնական կայքէջերում:

Նմանատիպ նյութեր