211652_close_icon
views-count1774 դիտում article-date 10:08 02-09-2024

Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է, սպասարկում է թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ։

«Արցախը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախ է հռչակվել այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան: Դրանից երեսուներկու տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված, իր բնօրրանից ամենազազրելի մեթոդներով բռնի տեղահանված արցախահայությունն ունի արժանապատիվ պայմաններով վերադարձի իրավունք, և ստեղծված իրավիճակում նրա անքակտելի իրավունքների իրացման համար առկա են միջազգային մեխանիզմներ:

Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած մեր ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը:

Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ:

Բավարար ջանքեր գործադրելու, հնարավոր բոլոր միջոցներով նպատակային աշխատանք իրականացնելու պարագայում կարող ենք հաջողության հասնել:

Աներկբա է, որ այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը:

Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը: Ուրանում են:

Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ջատագով քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է անտարբեր մնա հայ ժողովրդի՝ հազարամյակներով իր բնօրրանում ապրած մի մեծ հատվածի հայրենազրկման ու բռնի տեղահանման հարցում»,- ասվում է ուղերձում։

Նմանատիպ նյութեր