211652_close_icon
views-count766 դիտում article-date 09:29 07-09-2024

ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Սեպտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստ, որի օրակարգում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրությունն էր։ Հայտնում են ՀՊՏՀ-ի կայքում:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ խորհրդի նիստը կայանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և օրենսդրական ակտերի շրջանակներում և ներկայացրեց նիստի օրակարգը։ Խորհուրդը հաստատեց օրակարգը, աշխատակարգը և համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների՝ սահմանված պահանջներին համապատասխանության որոշումը։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 4 թեկնածուները՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ․ Ատոմ Մարգարյանը, ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տ․գ․թ․, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը, հանդես եկան ծրագրային ելույթներով՝ ՀՊՏՀ բարեփոխման և զարգացման հայեցակարգի հիմնադրույթների ներկայացմամբ։

ՀՊՏՀ զարգացման իրենց տեսլականում բարձր գնահատելով համալսարանի առաջատար տեղն ու դիրքը հանրապետության բուհերի շարքում, ընդգծելով իրենց հավատարմությունը բուհի որդեգրած արժեքներին և առաքելությանը, ինչպես նաև ներկայացնելով մինչ օրս արձանագրված ձեռքբերումներն ու առաջխաղացման մեծ ներուժը՝ հավակնորդները հիմնականում կանգ առան բուհի զարգացման առանցքային ուղղությունների՝ կրթական ծրագրերի, ուսումնական գործընթացի և գիտահետազոտական աշխատանքների բարելավման, միջազգայնացման, ենթակառուցվածքների բարենորոգման, կառավարման և վարչարարության հիմնախնդիրների լուծման վրա և հանդես եկան առաջարկությունների փաթեթներով։

Հավակնորդներին ուղղված հարցերից ու ելույթներից հետո կայացավ ռեկտորի ընտրությունը: Փակ, գաղտնի քվեարկությամբ,  19 կողմ ձայներով խորհուրդը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց Արմեն Գրիգորյանին:

ՀՊՏՀ խորհուրդը հաստատեց ընտրության արդյունքները: ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին և առաջարկեց, հնարավորության դեպքում, հաշվի առնել նիստին հնչած բոլոր լավ առաջարկներն ու ընդունելի գաղափարները։ Նիստի ավարտից հետո ՀՊՏՀ խորհրդի նախագահը և անդամները, նորընտիր ռեկտորի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին բուհում և ծանոթացան վերջին մի քանի ամսում ՀՊՏՀ-ում կատարված հսկայծավալ աշխատանքի արդյունքին՝ նորաոճ, հիմնանորոգված, կահավորված և տեխնիկապես հագեցած մի քանի տասնյակ կրթական տարածքներին։

Նմանատիպ նյութեր