211652_close_icon
views-count1315 դիտում article-date 18:39 17-09-2024

Ոստիկաններն ու քննիչները կատարելագործում են գիտելիքներն ու հմտությունները

Սեպտեմբերի 13-14-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել քննիչների և ոստիկանության ծառայողների համատեղ վերապատրաստման երկօրյա դասընթաց՝ նվիրված կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Դասընթացի նպատակն էր ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կարողությունների կատարելագործումը, ոլորտային օրենսդրական փոփոխություններին ծանոթացումն ու դրանց արդյունավետ կիրարկման նախապատրաստումը։

Կարևորվել է ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այդ առումով ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը իրենց խոսքում ընդգծել են, որ նման ձևաչափով դասընթացներն ու քննարկումները կարևոր նշանակություն ունեն միջգերատեսչական համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, գործնական խնդիրները համատեղ և արդյունավետ լուծելու համար:

Միջազգային և տեղական փորձագետները ներկայացրել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության ոլորտում պետության պարտավորությունները՝ ըստ միջազգային լավագույն փորձի: Այդ համատեքստում երկօրյա դասընթացում քննարկված միջազգային չափորոշիչները և ազգային օրենսդրական փոփոխությունները կնպաստեն իրավապահ մարմինների ծառայողների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը՝ բարձրացնելով ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետությունը:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին հանձնարարվել են գործնական աշխատանքներ, որոնց շրջանակում ընթացել են իրավիճակային քննարկումներ:

Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Նմանատիպ նյութեր