211652_close_icon
views-count901 դիտում article-date 22:36 17-09-2024

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

Նիգերիայի կենտրոնում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։

Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավտոբուսը, որը տեղափոխում էր 63 երեխա՝ նշելու իսլամ մարգարեի ծննդյան օրը, բախվել է մեկ այլ մեքենայի։ Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը արագության և գերբեռնվածության պատճառով։

«Տասնհինգ երեխա մահացել է տեղում, մնացած քառասունութը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ… Ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է ևս տասը մարդ, ապա ևս մի քանի տուժած մահացել է հիվանդանոցում՝ զոհերի թիվը հասցնելով 40-ի»,- հայտնել է Նիգերիայի ճանապարհային անվտանգության դաշնային հանձնաժողովի տեղական մասնաճյուղի ղեկավար Կաբիրու Նադաբոն:

Նա ընդգծել է, որ վթարը պետք է ծառայի որպես անզգույշ վարելու հետևանքների սարսափելի օրինակ, ինչպես նաև կոչ է արել վարորդներին պահպանել արագության թույլատրելի շեմը։

Կադունա նահանգի նահանգապետ Ուբա Սանին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և վստահեցրել, որ տուժածները կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ճանապարհային անվտանգության հանձնաժողովը միջադեպի հետաքննություն է սկսել։

Նմանատիպ նյութեր