211652_close_icon
views-count1057 դիտում article-date 09:59 06-10-2024

Թրամփը ելույթ է ունեցել Բաթլեր քաղաքում, որտեղ հուլիսին մահափորձ էր կատարվել իր դեմ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին, ելույթ է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ։ Միջոցառման վայրը նշանակալից է, քանի որ հենց այնտեղ էլ հուլիսին մահափորձ կատարվեց Թրամփի դեմ:

Ըստ dpa գործակալության՝ քաղաքական գործչին հաջողվել է իր միջոցառմանը ներգրավել «հազարավոր մարդկանց»։ Հանրապետականի հետ հանդիպման եկած ընտրողների թիվը ԶԼՄ-ները գնահատում են «շատ ավելի», քան հուլիսի 13-ին Թրամփի հանրահավաքում, երբ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը կրակ բացեց քաղաքական գործչի վրա։ Այդ օրը Թրամփը վիրավորվել է ականջից, իսկ կրակողը սպանվել է ԱՄՆ Գաղտնի ծառայության պատասխան կրակից։

Հոկտեմբերի 5-ին կազմակերպված միջոցառման ժամանակ Թրամփի ամբիոնը շրջապատված էր պաշտպանիչ ապակիներով, ինչը չէր եղել հուլիսին տեղի ունեցած հանրահավաքում։ 

Թրամփն իր ելույթում մի քանի անդրադարձ կատարեց հուլիսյան հարձակմանը` ասելով, որ իրադարձությունները դարձրել են իր կողմնակիցներին «ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի վճռական և ավելի մոտ հաղթանակին, քան երբևէ»: Քաղաքական գործչի խոսքով՝ կրակողը վրիպել է «ճակատագրի նախախնամությամբ և Աստծո ողորմությամբ»։ Միևնույն ժամանակ, Թրամփի հուլիսյան հանրահավաքի այցելուներից մեկը սպանվեց Քրուքսի կրակոցից, որի հիշատակին քաղաքական գործիչը հարգանքի տուրք մատուցեց մեկ րոպե լռությամբ։

Նմանատիպ նյութեր