211652_close_icon
views-count1906 դիտում article-date 15:41 06-10-2024

Իր գործողություններով կnրծանման հանգեցնող իշխանությունը կորցնում է կապը Աստծո հետ. Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. tert.am

Այն իշխանությունը, որն իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապը իշխանություն շնորհող Աղբյուրի՝ Աստծո հետ, ուստիև՝ զրկված է հեղինակությունից ու արժանավստահությունից. այս մասին Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ իր քարոզում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, գրում է tert.am

Ստորև ներկայացնում ենք Արշակ Սրբազանի քարոզն ամբողջությամբ:

«Այսօր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կարդացվեց Սուրբ Մարկոսի Ավետարանից մի դրվագ, երբ Հիսուս արձագանքում է իր ունեցած իշխանության վերաբերյալ հրեական տաճարի պաշտոնյաների հարցադրումներին։

Իշխանության մասին հարցադրումները արդիական են եղել բոլոր ժամանակներում։ Հազարամյակներ շարունակ տարբեր մտածողներ՝ իմաստասերներ ու կրոնավորներ, պետական ու ռազմական գործիչներ, դիվանագետներ ու հոգեբաններ փորձել են հասկանալ և բացահայտել իշխանության ձևավորման սկզբունքները, նրա բնույթը և նպատակները։ Նրանք ցանկացել են բացատրել, թե ինչու և ինչպես են հասարակության մեջ առանձին անձեր օժտվում ավելի մեծ իրավասություններով ու հեղինակությամբ, քան ուրիշներ։

Հիսուսի ունեցած իշխանությամբ հետաքրքրվող պաշտոնյաների հետաքրքրասիրությունը, սակայն, ակնհայտորեն ուներ անառողջ ու սադրիչ նպատակադրում։ Մարկոս Ավետարանիչը պատմում է, որ Հիսուս անառարկելի հեղինակությամբ մուտք էր գործել հրեական տաճար և այնտեղից վռնդել վաճառականներին ու վաշխառուներին։ Հիսուսի այս ընդվզումը ուղիղ մարտահրավեր էր դարձել Տաճարի պաշտոնյաների համար, որոնք պատասխանատուներն էին տաճարում ծառայությունների կազմակերպման համար։ Ընկրկելով Հիսուսի հեղինակության առջև և երկյուղ կրելով Նրա շուրջ հավաքված բազմությունից՝ այս պաշտոնյաները փորձում են սադրիչ հարցադրմամբ ընկճել Վարդապետին՝ հարցնելով․ «Ի՞նչ իշխանությամբ ես կատարում այս և ո՞վ շնորհեց քեզ այդ իշխանությունը»։ Հիսուս, իհարկե, անպատասխան է թողնում պաշտոնյաների սադրիչ հարցադրումը։ Նա արդեն պատասխանել էր այդ հարցին Իր քարոզությամբ, Իր հրաշագործություններով և Իր անբիծ կյանքով ու վարքով։ Իր քարոզության ընթացքում Հիսուս բազմաթիվ անգամներ օգտագործում է «իշխանություն» բառը։ Նրա ուսուցումներում բացարձակ ու անքննարկելի իշխանությունը պատկանում է միայն ու միայն Աստծուն, և Աստված է, որ մարդկանց շնորհում է իշխանություն երկրի վրա։ Այս մասին է խոսում Հիսուս, երբ պատասխանում է Հռոմեական կուսակալ Պիղատոսին, երբ վերջինս սպառնում էր Իրեն․ «Դու, - դիմելով Պիղատոսին ասում է Հիսուս, - դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ» (Հովհ. 19:10-11)։ Այսպիսով, Հիսուս, այլև՝ Իր աշակերտները ոչ միայն ճանաչում են մարդկային իշխանությունը, այլև քարոզում են հնազանդություն վերջինիս նկատմամբ, ինչպես ձևակերպել է Պողոս Առաքյալը․ «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հնազանդվի նրան․ քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի․․․» (Հռոմ․ 13։1)։

Պողոս Առաքյալին երկրորդում է նաև Պետրոս Առաքյալը․

«Ի սեր Տիրոջ, հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ չարագործներին պատժելու, իսկ օրենքը պահողներին գովելու համար» (Ա Պետ․ 2։13-17)։

Հիսուս բացարձակապես հեռու է Երկնավոր և երկրավոր իշխանությունների նույնականացումից։ Երկրավոր թագավորն ու իշխանը երբեք ու երբեք չեն կարող հավակնել Երկնավոր Թագավորի փառքին ու հեղինակությանը։ Երկրավոր թագավորի ու իշխանի հեղինակության աղբյուրը Երկնավոր Թագավորն է՝ նույն Ինքն Աստված։ Եվ դրա համար Հիսուս ասում է․ «Տվե՛ք Աստծունը՝ Աստծուն, և կայսրինը՝ կայսեր» (Մատթ․ 22։21)։ Այո՛, Քրիստոնեությունը քարոզում է հնազանդություն իշխանություններին, հնազանդություն, որ բխում է կամավոր ընտրությունից ու Աստծո պատվիրանների հանդեպ խոր պատասխանատվությունից։ Իշխանությունների հանդեպ հնազանդությունը, սակայն, երբեք ու երբեք չի կարող հանգեցնել աստվածմերժության ու հավատուրացության։ Հիսուս նվիրագործում է մարդկային իշխանությունը որպես երկրի վրա արդարադատության իրականացման, մարդկանց միջև համերաշխության ձևավորման և բարիքի կերտման գործիք։ Նույն Պողոս Առաքյալը վճռականորեն հայտարարում է, որ իշխանությունը տրված է մարդկանց «գոտեպնդելու, և ոչ թե կործանելու համար» (Բ Կորնթ․ 10։8)։

Հետևաբար՝ այն իշխանությունը, որն իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապը իշխանություն շնորհող Աղբյուրի՝ Աստծո հետ, ուստիև՝ զրկված է հեղինակությունից ու արժանավստահությունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր