211652_close_icon
views-count1495 դիտում article-date 20:25 11-10-2024

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ճարտարապետության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Ճարտարապետության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը զուգակցվել է «Երևանը երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսի բացմամբ։

Մասնագիտական տոնի առթիվ ճարտարապետներին շնորհավորել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ մաղթելով ստեղծագործելու լայն դաշտ։

«Այսօր ավելի քան երբևէ ճարտարապետները պահանջված են ինչպես մասնավոր, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։ Կուզենայի ընդգծել հեռանկարային խոշոր ծրագրերի, օրինակ՝ Ակադեմիական քաղաքի կարևորությունը, որոնք դաշտ են ստեղծում արտերկրի ճարտարապետական արվեստանոցների հետ համագործակցության, մեր մասնագետների կարողությունների առավել լայն դրսևորման, ստեղծարար մոտեցման համար։ Ճարտարապետները կյանքի են կոչում գաղափարներ, որոնք արտացոլում են ժամանակը, իսկ հաճախ էլ ժամանակից առաջ են անցնում՝ կանխորոշելով մասնագիտության հեռանկարը»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը:

Ճարտարապետներին շնորհավորել են նաև Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը։

Ճարտարապետության համաշխարհային օրվա կապակցությամբ, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ոլորտի մի խումբ մասնագետների պարգևատրել է «Տրդատ ճարտարապետ», «Մոմիկ ճարտարապետ», «Ալեքսանդր Թամանյան» և «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներով, ինչպես նաև շնորհակալագրերով։

Միջոցառմանը ներկա են գտնվել ճարտարապետներ՝ տարբեր երկրներից, որոնք այս օրերին մասնակցում են Երևանում անցկացվող Ճարտարապետության փառատոնին։

Ճարտարապետների մասնագիտական տոնն ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։ Այս տարի Հայաստանում այն զուգակցվում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր հատակագծի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմամբ։

«Երևանը երեկ և այսօր» ցուցահանդեսում ներկայացված են մայրաքաղաքի՝ տարբեր թվականների գլխավոր հատակագծերը, երևանյան բազմաթիվ շինությունների և հուշարձանների էսքիզներ, լուսանկարներ, մանրակերտներ և հուշամեդալներ։

Նմանատիպ նյութեր