211652_close_icon
views-count1369 դիտում article-date 20:23 14-10-2024

Ադրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գանձասարի շուրջ պատմությունը

Ադրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գանձասարի շուրջ պատմությունը: Այս մասին ահազանոըմ  է Monument Watch-ը:

Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ և տեսանյութերի շարք նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում: Հուսեյնովի կողմից հնչեցվել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերը իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզն, իհարկե, նոր չէ և հնչեցվում է վերջին չորս տարիներին և անընդհատ կրկնվում է ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցերում: 2024 թվականի սեպտեմբերին Հուսեյնովը որպես թիրախ էր ընտրել Արցախի առավել հայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով «հայերի պատճառած վնասները»: Փաստորեն, մենք տեսնում ենք քարոզչական բնույթ ունեցող թեզի տեղայնացումը, տեղադրումը բուն հուշարձանի վրա, որտեղ ամեն մի դետալ դիտարկվում է հենց այս թեզի շրջանակում:

Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը և հատկապես Գանձասարը և Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացվեց և վերոհիշյալ Րիզվան Հուսեյնովը հատուկ անդրադարձ կատարեց այս հուշարձաններին (տես՝ Գանձասարի բռնայուրացումն սկսված է):

Այս տեսանյութերից կարող ենք փաստել, որ Գանձասարի և Ամարասի վանական համալիրների տարածքը փակ է այցելությունների համար, մուտքերը կնքված են ու կողպած: Ակնառու է, որ ադրբեջանական կողմը հատուկ տեղ է տալիս այս վանքերին իրենց քարոզչության մեջ, բայց թույլ չի տալիս իր քաղաքացիներին այցելել դրանք:

Այժմ անդրադառանք Հուսեյնովի կողմից Գանձասարի և Դադիվանքի տարածքում հնչեցված առանձին մտքերին: Գանձասարի վանքում Հույսենովը նշում է, որ եկեղեցու պատերին արտաքուստ գտնվող արձանագրություններն իբր ավելացվել են հայերի կողմից և այդ կեղծարարությունը կատարվել է վերջին հարյուր տարում: Նշենք, որ Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու և գավթի արտաքին ճակատներին կան նվիրատվական բնույթի տասնյակ արձանագրություններ, որոնք հսկայական ինֆորմացիա են պարունակում միջնադարյան Արցախի քաղաքական, հոգևոր, տնտեսական իրողությունների մասին և դրանց կեղծ անվանելն ուղղակի ոտնձգություն է երկրամասի իրական պատմությանը: Խոսելով եկեղեցու արտաքին պատերի մասին՝ նշվում է, որ պատի շարվածքում եղած կարմիրին հարող երեսպատման քարերը նոր են և բերվել են Հայաստանից և մասնավորապես Էջմիածնից և վկայում են եկեղեցու հայկականացման փորձերի մասին: Ըստ Հուսեյնովի՝ միակ անվնաս արձանագրությունը եկեղեցու ներսում գտնվող շինարարական արձանագրությունն է, որի վերծանության ֆանտաստիկ տարբերակը տալիս է Հուսեյնովը: Ըստ այդմ տեսնում ենք, որ վանքը կառուցել է Խաչենի թյուրք կառավարիչ Հասան-Ջալալը, որն «ընդունել էր հայկական միաբնակություն»: Խոսվում է Հասան-Ջալալի կանանց մասին և որ իբր արձանագրության մեջ հիշատակվում է աղվանից ժողովուրդը, աղվանից եկեղեցու առաջնորդը և ոմն Կոչու բեյ: Քարոզչական բնույթ կրող այս կեղծիքները աչքի են ընկնում իրենց մեծագույն հիմարությամբ:

Գանձասարի վանքը Արցախի առավել հետազոտված հուշարձաններից է, կան վանքի բազմաթիվ լուսանկարներ, այդ թվում և 19-րդ դարում արված, որտեղ երևում են եկեղեցու անվնաս պատերը, արձանագրությունները: Լավ կլիներ, որ Հուսեյնովը այս ամենին ծանոթանար: Գանձասարի վանքի արձանագրությունները հրատարակվել են բազմիցս, այդ թվում և խորհրդային տարիներին, երբ տարածքում առանց խորհրդային Ադրբեջանի պաշտոնական թույլտվության հետազոտական աշխատանքներ չէին կարող իրականացվել: Վանքի մասին առկա է մեծածավալ օտարալեզու գրականություն, վանքին բազմիցս անդրադարձել են օտար հեղինակները: Եկեղեցու կառուցման արձանագրությունը ևս անեղծ իր տեղում է, բազմիցս հրատարակված և փոփոխելով այն ներկայացնելը ուղղակի հիմարություն է: Այլ կերպ նման մտքի արգասիքները անվանել անհնար է: Լավ կլիներ նաև , որ Հուսեյնովը կողմնորոշվեր, թե ի վերջո ով է Հասան-Ջալալը և նշեր, թե կառուցման արձանագրությունը ինչ լեզվով է գրված: Տարակուսելի է, որ մի դեպքում հայերեն ընդարձակ արձանագրությունը համարվում է պատմական, իսկ նրա կողքին գտնվողները՝ կեղծ: Հուսեյնովին նաև խորհուրդ կտայինք առավել լավ ծանոթանալ Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը: Տեղադրում ենք Գանձասարի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ կարելի է գտնել վանքի մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հղումներ: Լավ կլիներ, որ սա հենց Հուսեյնովը կարդար (Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ, Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները,  Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները,  Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը):

Հաջորդ հուշարձանը, որտեղ իր մտքերով փայլատակում է Հուսեյնովը՝ Դադիվանքն է: Մասնավորապես՝ կեղծարարարի թիրախում է հայտնվել է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ կառուցել է տվել 1214 թվականին Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը: Հուսեյնովը կեղծ է համարում եկեղեցու հարավային ճակատին փորագրված ընդարձակ շինարարական արձանագրությունը, կտիտորական բարձրաքանդակները և բազմագույն շարվածքը, որն ըստ կեղծարարի՝ արվել է վերջին տասնամյակում Էջմիածնից բերված քարերով: Նկատելի է, որ եթե Արցախի բազմաթիվ հուշարձանների ‹‹հայկականացման, կեղծման›› թեզերի տակ խոսվում է ընդհանրական ‹‹հայկական կողմի, հայերի›› մեղավորության մասին, ապա Գանձասարի, Դադիվանքի ու Ամարասի պարագայում ադրբեջանական կողմը մեղադրում է ուղիղ պաշտոնական Էջմիածնին և ըստ դրա՝ Հայ Առաքելական եկեղեցուն, ինչը այլ հուշարձանների պարագայում գրեթե չի նկատվում:

Ակնառու է, որ Հուսեյնովը չի տիրապետում երկրամասի ճարտարապետական դպրոցին, քանի որ կոպտատաշ քարերով ու առանց երեսպատման կառուցված գավիթը կարծում է, որ միտումնավոր չի վերականգնվել, ուստի դրա համար այդպիսի տեսք ունի: Հուսեյնովը չի հասկանում գավթի և եկեղեցու տարբերությունը, քանի որ գավիթը ներկայացնում է որպես եկեղեցի: Չգիտես ինչու որպես վանքի առավել հին կառույցներ են ներկայացվում վանքի աշխարհիկ՝ տնտեսական, օժանդակ կառույցները, որոնց ինչ լինելուց տեղյակ չէ կեղծարարը:

Սակայն Րիզվան Հուսեյնովի մտքի գոհարներից է այն, որ վանքի կառուցումը կապվում է Հասան-Ջալալ իշխանի հետ, մյուս մտքի գոհարը վերաբերում է Կաթողիկե եկեղեցու որմնանկարներին, որոնք հայտարարվում են վաղմիջնադարյան, չնայած նրան, որ եկեղեցին, որտեղ գտնվում են որմնանկարները Հուսեյնովը թվագրում է 13-րդ դարով:
Դադիվանքում Հուսեյնովն ալբանական եկեղեցին ներկայացնում է որպես երկաբնակ:

Դադիվանքի պահպանության մասին խոսելիս Հուսեյնովին լավ կլիներ հիշեցնել, որ խորհրդային տարիներին վանքը անմխիթար և կիսաքանդ վիճակում էր հենց խորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով: Դա են վկայում վանքի՝ խորհրդային տարիներին արված լոսանկարներ: Հիշեցնենք նաև Հուսեյնովին, որ վանքի արձանագրությունները հետազոտվել են խորհրդային տարիներին, ինչը չէր կարող իրականացվել առանց խորհրդային Ադրբեջանի իշխանությունների թույլտվության, այն էլ՝ Քարվաճառի շրջանում, որը հայաթափված էր և վերաբնակեցված էր քրդերով և ադրբեջանցիներով, ովքեր կենտրոնական և մարզային իշխանությունների թողտվությամբ քանդել են շրջաի հուշարձանների զգալի մասը և կործանման եզրին հասցնել Դադիվանքը:

Տեղադրում ենք Դադիվանքի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ վանական համալիրին մանրամասն անդրադարձ է արվում: Այս թեմայով տես՝ Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ,  Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին,  Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին և հարակից կառույցները, Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները, Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը։

Մեր արձագանքը
Հայկական պատմական եկեղեցիների՝ Դադիվանքի և Գանձասարի աղվանացումը, հայկականության ժխտումը՝ ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված իսկության սկզբունքի ոտնահարում է, պատմության և ինքնության ոչնչացման գործընթացի մաս: Մշակութային ժառանգության իսկության պահպանության կարևորության մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթում։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված՝ Ցեղասպանության գիտնականների ընդունած բանաձևի համաձայն Ադրբեջանը պետք է  կատարի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններն ու վճիռները՝ ներառայալ հայկական մշակութային արժեքները ոչնչացումից ու պղծումից զերծ պահելու,  ինչպես նաև միջազգային իրավունքի այլ պարտավորությունները։

«Զինված բախում ների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» ((Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4):

Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է կրոնական համոզմունքներն ու ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքը, որը սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։

Նմանատիպ նյութեր