211652_close_icon
views-count484 դիտում article-date 16:59 21-10-2024

Քննչական կոմիտեի վետերանները ՔԿ նորանշանակ քննիչների հետ քննարկել են մասնագիտական կատարելագործման հարցեր

ՀՀ քննչական կոմիտեի վետերանները հանդիպում են ունեցել Կոմիտեի նորանշանակ քննիչների հետ:
«ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության ստեղծումից ի վեր սա նմանատիպ երկրորդ հանդիպումն է, որին մասնակցել է ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու տասնյակից ավելի անձ։

ՔԿ-ից հայտնում են, որ մասնակից քննիչներին ուղղված իր ողջույնի խոսքում Վետերանների խորհրդի նախագահ Յուրի Բադալյանը նշել է, որ հանդիպումը կայանում է կազմակերպության կողմից նախանշված՝ վետերան-քննիչների փորձառությունը ՀՀ քննչական կոմիտեի երիտասարդ անձնակազմին փոխանցելու նպատակների շրջանակներում, և այսպիսի միջոցառումներն արդեն ավանդույթ են դառնում։

Անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի վայրի զննության քննչական գործողության իրականացման մասնագիտական, տեխնիկական, պրակտիկ խնդիրները քրեական դատավարության իրավակարգավորումների լույսի ներքո։ Վետերան-քննիչները երիտասարդների հետ կիսվել են իրենց փորձառությամբ,  վերջիններիս խորհուրդներ տվել քննչական գործողությունների պլանավորման և  արդյունավետ կազմակերպման, քրեական վարույթներով քննչական և վարութային գործողությունների պլանավորման, ապացույցների ձեռք բերման, փորձաքննությունների նշանակման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև քաղաքացիների հետ շփումներում վերջիններիս լսված լինելու պահանջմունքի բավարարման, իր լիազորությունների շրջանակներում քրեական դատավարության մասնակիցների հետ քննիչների պատշաճ հաղորդակցման, անհրաժեշտության դեպքում քննիչի կողմից կայացվող որոշումների էությունը նրանց մատչելի կերպով բացատրելու հանգամանքը:

Ծավալվել է մտքերի անկաշկանդ փոխանակում։ Ինչպես վետերանները, այնպես էլ  քննիչները նման հանդիպումները կարևորել են՝ որպես մասնագիտական նոր հարթակ՝ երիտասարդ քննիչների գործունեությանն առնչվող աշխատանքային խնդիրների վերհանման,   փորձի հենքին գործնական հմտությունների զարգացման համար։ Ընդգծվել է նման ձևաչափի կիրառումը պարբերական դարձնելու օգտակարությունը։

Նմանատիպ նյութեր