211652_close_icon
views-count949 դիտում article-date 19:17 23-10-2024

Ժաննա Անդրեասյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հանդիպումը՝ համագործակցության օրակարգ ձևավորելու, համատեղ ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:

Կողմերը քննարկել են 2023 թ. ստորագրված երկկողմ փոխըմբռնման հուշագրով նախատեսված սպորտի, գիտության և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության զարգացումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը` այս համատեքստում ընդգծելով Կահիրեի համալսարանում հայագիտական կենտրոնի ակտիվ գործունեությունը, որը ֆինանսական աջակցություն է ստանում նաև ՀՀ կառավարության կողմից:

Ընդգծելով, որ ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների թվի աճը  Կառավարության կարևոր թիրախներից է՝ նախարարը հույս է հայտնել, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիները ևս կնախընտրեն բարձրագույն կրթություն ստանալ մեր երկրի բուհերում:

Դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով Հայաստան-Եգիպտոս պատմական կապն ու հայ համայնքի դերը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Ի թիվս մի շարք համագործակցային ոլորտների՝ նա հատկապես ընդգծել է մշակույթի ոլորտում հնարավոր ծրագրերի իրականացումը՝ նվագախմբերի փոխայցելությունների, ցուցահանդեսների, մշակութային օրերի կազմակերպման համատեքստում:

Քննարկվել են նաև երիտասարդական համաժողովի անցկացման, սպորտի ոլորտում երկխոսության, ինչպես նաև երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր