211652_close_icon
views-count1186 դիտում article-date 11:57 28-10-2024

Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան

Երկրում չկա գեթ մեկ ընտանիք, որի կարիքները հոգալու համար ծախս չի արվում պետական բյուջեից, հետևաբար մեր պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու  ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է բառի ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չպետք է թույլ տալ, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև ուտելու պրոցեսի քարոզչություն, հատկապես, որ հայտնի հանգամանքների բերումով մեզ մոտ ծայրահեղացված դրսևորումներ կան: Ուտելը բարեկեցության մաս է,  հատկապես, որ միջազգային հարթակներում շատ է ընդգծվում, որ սննդին հասանելիությունը մարդու  հիմնարար իրավունքներից մեկն է: Մարդու բարեկեցությունն ավելի համապարփակ հասկացություն է, որի մեջ մտնում է մարդու մշակութային կյանքի հասանելիությունից մինչև սննդի հասանելիությունը»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ որքան մեծ է պետական բյուջեն, այնքան մեծ է հանընդհանուր բարեկեցությունը:
«Պետությունը  միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունը ապահովելու գործիք է,  կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք է:

Այսպես պետք է  ընկալի պետությունն ինքն իրեն, ու այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետև, եթե պետության ժողովրդական ընկալումը սա չէ, ապա պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր