211652_close_icon
views-count1219 դիտում article-date 22:16 06-11-2024

Գևորգ Պապոյանը Չարենցավանում ծանոթացել է երկու ընկերությունների արտադրական գործունեությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է Կոտայքի մարզ՝ Չարենցավան քաղաքում գործող «Ասկե գրուպ» և «Ձուլակենտրոն» ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

«Ձուլակենտրոն» ընկերությունը 2023 թ․ նոյեմբեր ամսին, իսկ «Ասկե գրուպ» ընկերությունը 2024 թ․ մայիս ամսին ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

«Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն ոլորտի առաջատար ընկերություններից է, որը զբաղվում է պողպատյա աղացող գնդերի, թուջե, պողպատյա ձուլվածքների և դետալների արտադրությամբ։

«Ասկե գրուպ» ԲԲԸ մետաղաձուլական խոշոր ընկերությունը, ներդրված նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, իրականացնում է պողպատե ամրանների և պողպատե աղացագնդերի արտադրություն։ Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս թողարկել տարեկան մոտ 250․000 տոննա նախապատրաստվածք և 150․000 տոննա ամրան։

Ընկերությունների ղեկավարների հետ նախարարը շրջել է գործարանների տարածքով, ծանոթացել արտադրական հզորություններին, ընթացիկ աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին։ Քննարկվել են ոլորտին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Նմանատիպ նյութեր