211652_close_icon
views-count1204 դիտում article-date 17:36 21-11-2024

Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա Հ․Շ․-ն 2024թ․ մայիսի 26-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված հավաքին բազմամարդություն ապահովելու, հավաքի ընթացքում մեծաքանակ անձանց անունից պահանջներ ներկայացնելու նպատակով, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում փաստացի բնակվող անձանց ֆիզիկական ներկայությունը հավաքին ապահովելու համար իր ազգականի միջոցով փորձել է նյութապես շահագրգռել այդ անձանց՝ խոստանալով յուրաքանչյուրին տալ 6,000-8,000 ՀՀ դրամ, վառելանյութ, իսկ հավաքին գիշերակացով մասնակցելու դեպքում` նաև սնունդ և ըմպելիքներ, ինչի շուրջ հիշյալ ազգականի հետ ձեռք է բերել համաձայնություն:

Վերջինս, սակայն, ի սկզբանե նպատակ չի ունեցել կատարելու հավաքին մասնակցելու նպատակով անձանց շահագրգռելուն ուղղված գործողությունները, ինչի հետևանքով, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից բացահայտվելու պատճառով 35-ամյա տղամարդու կողմից կազմակերպված հանցագործությունը չի իրագործվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Շ․-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 43-236-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, որը հետագայում փոխարինվել է «վարչական հսկողություն» խափանման միջոցով:

Նախաքննություն  ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։

Թեև նախաքննությամբ հիմնավորվել է, որ մեղադրյալի կողմից համապատասխան շարժական գույքն իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով այն անհատույց և ապօրինի դարձրել է իրենը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀ Կառավարության՝ փաստացի անձի իրավական վիճակը բարելավող՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1614-Ն որոշման պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է, ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ այս մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր