211652_close_icon
views-count1045 դիտում article-date 16:59 03-12-2024

Լուրջ վիճակ է Հալեպում, մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բոլոր հնարավոր միջոցներով կապ է պահպանում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերջին ռազմական լարվածության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկություններ ստանալու և, ըստ այդմ, հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մանրամասնել է, որ, չնայած կապի միջոցները վատ են գործում, սակայն բոլոր հնարավոր ձևերով փորձում են կապը պահել:

Նրա խոսքով՝ վերջին ռազմական լարման հետևանքով լուրջ իրավիճակ է ստեղծվել Հալեպում, որտեղ մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում:

Ըստ Սինանյանի՝ հալեպահայերը գերադասում են մնալ տներում և չեն կարող դուրս գալ քաղաքից, ուստի տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է:

Շարունակվող ռազմագործողությունների հետևանքով անհանգիստ իրավիճակ է ստեղծվել Քեսաբում, Դամասկոսում, հատկապես որ, ինչպես նշեց Սինանյանը, Սիրիայի կառավարական զորքերին չի հաջողվել կասեցնել զինյալների առաջխաղացումը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գնահատմամբ՝ համեմատաբար հանգիստ է  իրավիճակը Լաթաքիայում:

Այդուհանդերձ, այն քաղաքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է,տեղի հայերն անհանգստացած են ռազմագործողությունների թատերաբեմում հայտնված բնակավայրերում գտնվող իրենց հարազատների համար:

Նմանատիպ նյութեր