211652_close_icon
views-count2974 դիտում article-date 23:08 13-12-2024

ՆԳ նախարարը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Նելլի Դավթյանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանին։

Արփինե Սարգսյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արմեն Ղազարյանին ՝ ընդգծելով, որ նրա համակարգմամբ ծառայությունը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ, գրանցել նշանակալի արդյունքներ՝ ՆԳ նախարարության ընդհանուր նպատակների իրականացման գործում։

ՆԳ նախարարը շնորհավորել է Նելլի Դավթյանին և վստահություն հայտնել, որ նրա ղեկավարությամբ ծառայությունը ոչ միայն կշարունակի ամրապնդել առկա ձեռքբերումները, այլև մարդկային ներուժով, քաղաքացիակենտրոն մոտեցմամբ կապահովի ծառայությունների մատուցման նոր որակ և կբարձրացնի քաղաքացիների հետ շփման մակարդակը։

«ՆԳՆ ձևավորմամբ մեր առջև խնդիր էինք դրել, որ ծառայությունը պետք է հասցեագրի միգրացիոն շղթայի բոլոր կոմպոնենտները: Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք նոր ձևավորված ծառայություն, ընդ որում՝ այնպիսի անձնակազմով գործունեություն ծավալող ծառայություն, որը, թերևս, այն տրամաբանությունն է իր մեջ ամփոփում, որն ի սկզբանե դրվել էր նաև ՆԳՆ ձևավորման, այս ծառայության ձևավորման հիմքում»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ ՆԳ նախարարն ընդգծել է անձնակազմի կարողությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ ժամանակին համընթաց տարբեր հարթություններում նրանց մրցունակության ապահովման տեսանկյունից։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը շնորհավորել է Նելլի Դավթյանին և հաջողություններ մաղթել։ Անդրադառնալով ծառայության անցած ճանապարհին՝ նա կարևորել է կառուցվածքային նոր տրամաբանության հիմքում դրված գործառույթները և մատուցվող ծառայությունների մարդակենտրոն մոտեցումը։

Նելլի Դավթյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ պատրաստ է արդարացնել ինչպես քաղաքացիների, այնպես էլ ծառայության անձնակազմի և նախարարության ակնկալիքները։ Նրա խոսքով՝ ծառայության առջև դրված խնդիրը հստակ է՝քաղաքացիներին մատուցել որակյալ ծառայություն, ներդնել հաղորդակցության նոր ստանդարտներ, որակի ապահովման նոր մեխանիզմներ։

Նմանատիպ նյութեր