211652_close_icon
views-count1606 դիտում article-date 12:07 14-12-2024

Երևանի կարևորագույն ոլորտներից մեկը համակարգող պաշտոնյան կանգնած է Հակակոռուպցիոն դատարանի առջև․ «Փաստերի ստուգման հարթակ»

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը, որը իրավամբ պատասխանատու է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի աշխատանքի համար, մեկ տարուց ավելի է Հակակոռուպցիոն դատարանի առջև է կանգնած։ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 29-րդ հայցադիմումը»,- 2023 թվականի փետրվարի 22-ին հաղորդագրություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Այս գործով 29-րդ հերոսը հենց Վազգեն Հարությունյանն էր։ Վերջինին Հայաստանի հանրությունը առավել ծանոթ է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունից, որը Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ էր զբաղվում։ Այն ժամանակ հայտնի «կարմիր գծերը» հենց այս ընկերությունը ներմուծեց վարորդների կյանք։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023-ին պահանջ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից (կնոջից-հեղ․)՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 4 անշարժ գույք, որոնցից երեքը՝ Երևանում, մեկը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 324 միլիոն 452 հազար 500 դրամ, մեկ շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, մեկ իրավաբանական անձում մասնակցության իրավունք. 17 մլն 771 հազար 372 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել. 107 մլն դրամ և 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ․ 27 մլն 435 հազար 443 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։

Գլխավոր դատախազության այս հաղորդագրությունից հետո մամուլը Վազգեն Հարությունյանի վերաբերյալ դատավարական գործընթացի մասին լռել է։ Սակայն հիշել է այն ժամանակ, երբ նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նշանակումը 2023-ի մայիսի 8-ին էր, երբ գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ նրան շնորհավորեց․ «Առաջարկում եմ շնորհավորել պարոն Վազգեն Հարությունյանին։ Նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պարոն Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնելու կապակցությամբ»։ Որոշ ժամանակ անց՝ 2024-ին, Հարությունյանի կարգավիճակը որոշակիացավ, և նա արդեն նշանակվեց նույն վարչության պետ։

«Փաստերի ստուգման հարթակը» Գլխավոր դատախազությանն ուղղված գրավոր հարցմամբ հետաքրքրվել է՝ ի վերջո, ինչպես է ընթանում Հարությունյանի վերաբերյալ գործի քննությունը, արդյո՞ք դատարանը վարույթ ընդունել է դատախազության պահանջը, քննություն իրականացվե՞լ է և արդյո՞ք որոշում կայացվել է այս գործով։ «Վազգեն Հարությունյանի վերաբերյալ գործն ընդունվել է դատարանի վարույթ և դատական քննության նախապատրաստական փուլում է»,- Fip.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցել են Գլխավոր դատախազությունից։ Այսպիսով, Երևան քաղաքի կարևորագույն ոլորտներից մեկը համակարգող պաշտոնյան կանգնած է Հակակոռուպցիոն դատարանի առջև։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր