211652_close_icon
views-count1324 դիտում article-date 20:34 18-12-2024

Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Շիրակի մարզ: Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ավտոճանապարհի 9,923 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում:

Կառավարությունն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 599 988 800 դրամ: Իրականացվել է աշխատանքների շուրջ 90 %-ը։

Հաջորդիվ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ այցի վերջին կանգառը եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում: Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշվել է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր: Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար:

Զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին: «Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից:

Նմանատիպ նյութեր