211652_close_icon
views-count910 դիտում article-date 18:52 18-07-2022

Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին։
Ողջունելով հյուրին՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ մշակույթի մայրաքաղաք Գյումրիում ասելիք և անելիք շատ կա և առանձնակի գոհունակություն հայտնել Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությանը, որ մեծ ուշադրություն է դարձնում Շիրակի մարզին և գործառնական ծրագրեր է իրականացվում մարզում, մասնավորապես, Գյումրիում․ «Այսօրինակ հանդիպումները հաստատում են, որ ապակենտրոնացումը դնում ենք իրական գործնական հենքի վրա՝ Երևանից շատ ծրագրեր ուղղորդելով տարբեր մարզեր։ Մշակութային կյանքի ակտիվացումը Գյումրիում շատ կարևոր է, հատկապես զբոսաշրջության զարգացման առումով»։

Նախարարի տեղակալն էլ շնորհակալություն է հայտնել մարզպետին մշակութային կարևոր նախաձեռնությունների և մշակույթի նկատմամբ առանձնակի վերաբերմունքի համար՝ մարզպետարանի վարչական շենքում ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ցուցադրության առկայությունն այդ վերաբերմունքի արգասիք համարելով։

Արայիկ Խզմալյանը նշել է, որ Նազելի Բաղդասարյանն իր ճանաչած ամենամշակութային մարզպետն է, իսկ Շիրակի ամենամեծ կապիտալը մշակույթն է։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել քննարկում մարզում գործող մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհային մրցութային համակարգի նպատակներին և ակնկալվող արդյունքներին, միջմարզային-միջհամայնքային համագործակցությանը, առավել շատ կրթամշակութային ծրագրեր մարզում իրականացնելուն, գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակությանն առնչվող հարցերի։

Նազելի Բաղդասարյանը խոսելով մարզի մշակութային ոլորտում առկա խնդիրներից՝ օրակարգային է համարել այն, որ մշակութային մայրաքաղաք Գյումրին մինչ օրս չունի համերգասրահ և պատկերասրահ․«Գյումրիում պատկերասրահ ունենալու դեպքում հնարավոր կլինի Հայաստանի Ազգային պատկերասրահին երկրաշարժից հետո ի պահ տրված քաղաքային ֆոնդը վերադարձնել Գյումրի՝ քաղաքի դիմագիծը պահպանելու համար»,- նշել է մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը կարևորել է «Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի» վարչական շենք ունենալու խնդրի լուծումը ևս։

Քննարկման ընթացում հարցեր են հնչել մարզում գործող մշակութային հաստատությունների գույքի թարմացման, երաժշտական գործիքների ձեռքբերման, ազգային նվագարանների պահպանման, նախարարության կողմից առաջարկվող ծրագրերի ընթացքում առաջ եկած տեխնիկական խնդիրների հաղթահարման, մշակութային հաստատություններն ու արվեստի դպրոցները երիտասարդ կադրերով համալրելուն, մարզի գրադարանային ֆոնդերի ավելացման, սուբվենցիոն ծրագրերում մշակութային հաստատություններին առավել շատ ներգրավվելուն առնչվող։

Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ բովանդակային առաջարկներ լինենու դեպքում ընթացք կտրվեն դրանց։ Մարզպետն էլ կարևորել է նախարարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնց մասնակցում են մարզում գործող ՊՈԱԿ–ները, ինչու չէ նաև հասարակական կազմակերպությունները, որոնք տարբեր դրամաշնորհների շրջանակներում օգտվում են այդ ծրագրերից։

Նմանատիպ նյութեր