211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Mercedes»-ը և «Երազ»-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7417 դիտում article-date 17:02 07-04-2025
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանությա Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր