211652_close_icon
views-count48988 դիտում article-date 17:28 07-01-2025

Նոր մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցներից. քրեական ոստիկաններն ու քննիչները պարզել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունը, ով դեպքի վայրից փախել է «Volkwagen Touareg»-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 6-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի և Արման Գալստյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների և կրակոց արձակողի ինքնությունը:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք  է առաջացել, որն այնուհետև շարունակվել է Տերյան փողոցում՝ Վանաձորի բնակիչներ 45-ամյա Միկիտ Մարկոսյանի, 43-ամյա Դավիթ Մարկոսյանի և 38-ամյա Տիգրան Էվոյանի միջև: 
 
Այն տևել է մոտ 10-15 րոպե և վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ հավաստի տեղեկությունների՝ Մ. Մարկոսյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Տ. Էվոյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք, ապա Մ. Մարկոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքնայով դեպքի վայրից դիմել է փախուստի: 
 
Տ. Էլոյանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: 
 
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնեով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև քննչական մարմնի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակին, որպեսզի հայտնաբերեն «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան:  

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուվարի 6-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Դեպքի վայր էին ժամանել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ դեպքի վայրից էլ 1 հոգի ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, ով գտնվել է շոկային վիճակում։

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի, Արման Գալստյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա արնանման հետքեր, կայանված «Volkswagen» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ՝ Տերյան փողոցի հատվածում, որոնց վրա նույնպես կան արնանման հետքեր։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռվել էր քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր