211652_close_icon
views-count898 դիտում article-date 23:15 18-01-2025

Եթե հնարավոր է «մեկ գիշերվա մեջ» ԵԱՏՄ-ի նման միություններ մտնել, ապա ակնկալում եմ մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցնել ԵՄ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու խոսակցությունների ֆոնին կրկին շրջանավառվում է «մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցրին ԵԱՏՄ» թեման։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշել է․

«Բովանդակային և փաստարկված հակադարձումներ այս դատարկ և պրիմիտիվ մանիպուլյացիաներին վաղուց տրվել են՝ թե՛ անձամբ ՀՀ երրորդ նախագահի, թե՛ իր թիմակիցների, թե՛ գիտակ փորձագետների կողմից։ Իրականության մասին լավ գիտի նաև Նիկոլը, ով այս հարցը ուղիղ քննարկել է ՌԴ նախագահի հետ Սոչիում իրենց առաջին հանդիպման ընթացքում (2018-ի մայիսի 14-ին): Պուտինն իրեն ասել է, որ ՌԴ-ից որևէ ճնշում չի եղել, և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության համար նախագահ Սարգսյանն է ժամանակին խնդրել իրեն։

Շեշտեմ, որ Սերժ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ մինչև իշխանազավթումը Հայաստանը խիստ մրցունակ էր նաև գեոպոլիտիկ իմաստով, մինչև Նիկոլը չսկսեց բոլոր ուղղություններով քանդել Հայաստանի անվտանգային միջավայրը։

Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ Հայաստանը մինչև 2020թ․ խուսափեց կրկնել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ճակատագիրը։

Երրորդ նախագահի այդ քայլի շնորհիվ է, որ տնտեսական իմաստով Հայաստանը դեռ շնչում է։

Ի վերջո, եթե, ըստ այդ վայրահաչների, հնարավոր է «մեկ գիշերվա մեջ» նման միություններ մտնել, ապա ակնկալում եմ իրենց տերերից մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցնել ԵՄ։

Ավելին, հաշվի առնելով դրանց հեքիաթասաց «Շահրեզադե» էությունը, պատրաստ եմ սպասել 1000 ու մեկ գիշեր։ Բայց թող հիշեն՝ ի հակառակ արևելյան հեքիաթների հերոս Հարուն ալ Ռաշիդի, վերջում ժողովուրդը ոչ թե սիրահարվելու է նրանց, այլ պատժելու»։
 

Նմանատիպ նյութեր