211652_close_icon
views-count640 դիտում article-date 19:17 22-01-2025

Իրանական կողմի նախաձեռնությամբ հանդիպում՝ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ

Այսօր Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և իրանական «Fathi Escalator» ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։

Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթ ուղղությունները՝
շարժասանդուղքների փոխարինում,
նոր վագոնների ձեռքբերում,
դեպոյի վերակառուցում և արդիականացում,
նորագույն տեխնոլոգիաների ներդրում,
ենթակառուցվածքների վերազինում,
սպասարկման որակի բարձրացում։

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ «Fathi Escalator» ընկերությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերին։

Նրանք ներկայացրեցին իրենց ընկերության փորձն ու տեխնոլոգիական լուծումները՝ ընդգծելով համագործակցելու պատրաստակամությունը։

Իրանական կողմը նաև հետաքրքրված էր նոր կայարանների կառուցման ծրագրերով և այս ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորություններով։

Հյուրերը մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի ուղեկցությամբ շրջեցին մետրոպոլիտենի կայարաներում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին։

Հանդիպումն անցավ ջերմ և արդյունավետ աշխատանքային մթնոլորտում։

Նմանատիպ նյութեր