211652_close_icon
views-count853 դիտում article-date 20:37 23-02-2025

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծը

Իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական ​​Վրաստան» կուսակցությունը նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը ԱՄՆ-ում գործող FARA օրենքի (Foreign Agents Registration Act) ճշգրիտ պատճենն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Դա (օտարերկրյա գործակալների մասին օրենքն) արդեն նախաձեռնված է։ Նախագծի քննարկումը կսկսենք հաջորդ շաբաթ։ Բոլորը կտեսնեն, որ սա  (ամերիկյան օրենքի - ՏԱՍՍ-ի ծնթ․) ճշգրիտ թարգմանություն է։ Եթե ​​որևէ մեկը բողոք ունի տեքստի որևէ բառի, կետի կամ ստորակետի վերաբերյալ, թող դիմի Ամերիկայի Միացյալ Նահանգներին և ասի՝ ինչ իրեն դուր չի գալիս ամերիկյան համակարգում», - ասել է Պապուաշվիլին։

Օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքն ընդունվել է 2024 թվականի մայիսին։ Ի տարբերություն ամերիկյանի, այն չի տարածվում ֆիզիկական անձանց վրա, այն վերաբերում է շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին, որոնք եկամտի 20%-ից ավելին ստանում են արտասահմանից։ Նման կազմակերպությունները պարտավորվում են յուրաքանչյուր տարվա հունվարին եկամուտների և ծախսերի մասին հայտարարագիր ներկայացնել Վրաստանի արդարադատության նախարարություն։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում նրանք կտուգանվեն 25 հազար լարիով (մոտ 9 հազար դոլար)։ Տուգանքից հետո էլ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (ավելի քան 7 հազար դոլար): Արդարադատության նախարարությունը ստեղծել է արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների հատուկ ռեեստր։

Օտարերկրյա գործակալների մասին ԱՄՆ-ում գործող օրենքը, բացի տուգանքից, նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Նմանատիպ նյութեր