211652_close_icon
views-count4315 դիտում article-date 14:17 24-02-2025

Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բախվել են «Lexus»-ն ու «BMW»-ն. վերջինն էլ բախվել է գազախողովակներին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով «BMW»-ն էլ բախվել է գազատար խողովակների հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկաին ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի մարզի վթարավերականգնողականի աշխատակիցները: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր