211652_close_icon
views-count2734 դիտում article-date 15:52 25-02-2025

Օրեր շարունակ Սյունիքում պարեկներն ու փրկարարները աշխատում են գերլարված ու վտանգավոր պայմաններում. պատճառը չդադարող առատ ձյունն ու բուքն է, նրանք դուրս են բերել 50-ից ավելի ավտոմեքենա ու մոտ 100 քաղաքացու տեղափոխել անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով գերլարված պայմաններում են աշխատում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները: 

Պարեկներն ու փրկարարները 24 ժամյա ռեժիմով աշխատում են ամենադժվարին, շատ դեպքերում՝ անցանելի ճանապարհներին, և պատճառը տեղացած առատ ձյունն է, մերկասառույցը, բուքը: 

Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է՝ նույն տեմպով են աշխատում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի, Սիսիանի փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Տեղում փրկարարների և պարեկների հետ ծանրաբեռնված են աշխատում նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Գորիսի, Սիսիանի ճանապարհները սպասարկող ճանշինականները: 

Նրանք նույնպես 24-ժամյա ռեժիմով աշխատում են հատուկ տեխնիկաներով, մեծ դժվարությամբ բացում են ճանապարհը, սակայն բուքն իր սև գործն է անում. րոպեների ընթացքում ճանապարհը նորից պատվում է ձյան հաստ շերտով՝ երբեմն որոշ հատվածներում հասնելով 50-70 սմ: 

Անգամ այդ պայմաններում պարեկները, փրկարարներն ու ճանշինականները կարողացել են ձնաբքից դուրս բերել 5 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, 100-ից ավելի քաղաքացիների փրկարարներն ու պարեկեները տեղափոխել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ Սիսիան-Գորիս ճանապարհներին տեղադրված փրկարարական հատուկ հենակետեր, որտեղ քաղաքացիների համար ստեղծվել են տաք պայմաններ: 

Այսօր՝ փետրվարի 25-ին, արդեն մի քանի ժամ է՝ ՊԾ Սյունիքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի և Սյունիքի մարզի փրկարարները՝ վարչության պետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ շարունակում են վտանգավոր պայմաններում իրենց ծառայողական գործունեությունն իրականացնել Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին: 
 
Մի քանի կմ-անոց ճանապարհն ամբողջությամբ պատված է ձյան հաստ շերտով և բուքը խանգարում է պարեկների, փրկարարների ու ճանշինականների աշխատանքը:
 
Նման պայմաններում անգամ տեխնիկան է անզոր բնության դեմ, բայց պարեկ, փրկարար ու ճանշին՝ մեկ բռունցք դարձած՝ աշխատում են ի շահ քաղաքացու: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկների աշխատանքին օնլայն եղանակով հետևում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, ում վրա է դրվել պարեկների աշխատանքը ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով: 

Փրկարարների աշխատանքը նույնպես տեղում օնլայն հետևում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ում վրա է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն գեներալ մայոր Կամո Ցուցուլանը դրել փրկարարների աշխատանքը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: 
 
Այս պահին շարունակվում է նույն դժվարին աշխատանքը պարեկների և փրկարարների կողմից: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր