211652_close_icon

Գույքահարկի թանկացումը պետք է վերաբերեր միայն այն անձանց, որոնք նոր օրենքներով են ձեռք բերում գույքը. Անդրանիկ Հարությունով. 168․am

views-count2176 դիտում article-date 19:58 11-04-2025
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2021 թվականից մայրաքաղաքի բնակարանների գույքահարկն աստիճանաբար բարձրանում է։ Օրենքի այս փոփոխությամբ իշխանություններն առաջարկեցին գույքահարկի նոր հարկման մեխանիզմ, ըստ որի՝ կադաստրային արժեքը՝ որպես գույքահարկի բազա, փոխվեց շուկայականի մոտարկված արժեքով, ապա նաև՝  վերանայվեցին հարկման դրույքաչափերը:

Մասնագիտական շրջանակները պնդում են՝ այս և նմանատիպ բազմաթիվ այլ նախաձեռնություններ էականորեն ծանրացնում են առանց այդ էլ դժվար ապրող քաղաքացիների կյանքը։

ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով շարունակ բարձրացող գույքահարկի ազդեցությանը՝ նկատեց, որ դեմ չէ այդ բարձրացմանը, եթե այդ բարձրացումն ունի տրամաբանություն։

«Մեզ մոտ գույքահարկերը շատ ցածր էին ու տարիներ շարունակ չէին վերանայվում՝ հակառակ այն հանգամանքի, որ անշարք գույքի շուկան անընդհատ փոփոխվում էր։ Բայց այստեղ պետք է կարևոր արձանագրում անել՝  դրսի փորձով գույքահարկի դրույքաչափերն ավելանում են այն մարդկանց համար, որոնք նոր են գույք ձեռք բերում։ Այսինքն՝ բարձրացող գույքահարկը չպետք է վերաբերի այն անձանց, որոնք կենտրոնում ունեն ժառանգություն ստացած տուն, կամ այն տարեցներին, որոնց պատկանում է բնակարանը,- նշեց անշարժ գույքի մասնագետը՝ մանրամասնելով,- Դա պետք է վերաբերի միայն այն անձանց, որոնք նոր օրենքներով են ձեռք բերում գույքը։ Այսինքն՝ մեզ մոտ Սովետական Միությունից հետո շատ մարդիկ պետությունից կամ որպես ժառանգություն ստացել են անշարժ գույքը, բայց այլ է, երբ ես Կենտրոնում որոշեմ գնել 300.000 դոլարանոց գույք՝ տեղեկացված լինելով, որ տարեկան 100-150․000 դրամ գույքահարկ եմ վճարելու»։

Ամեն դեպքում, ըստ նրա, գույքահարկի այս փոփոխությունը լուրջ ազդեցություն չի ունենա երկրորդային շուկայի գնային քաղաքականության վրա։

Քանի որ օրերս նաև կառուցապատողներն էին ահազանգել, որ պետությունը սկսել է գույքահարկ պահանջել դեռևս կառուցապատման փուլում գտնվող, կիսակառույց շենքերի համար, Անդրանիկ Հարությունովից հետաքրքրվեցինք նաև այս փոփոխության՝ շուկայի վրա հնարավոր ազդեցության մասին։

«Այս օրենքն ընդունել էին դեռ մեկուկես տարի առաջ, ու այդ օրերին կառուցապատողները հանդիպել էին կառավարության անդամների հետ, որոնք հուսադրել էին, թե չեղարկելու են, բայց անցկացրել էին։

Հաշվի առնելով, որ կառուցապատողների վրա արդեն իսկ մեծ տուրքեր են ավելացրել, այս պարագայում կարծեք սպանեն այդ ոլորտը։ Շատ լուրջ ֆինանսական բեռ է ավելանում։ Տեսեք՝ ինչ է ասում օրենքը․ եթե շինթույլտվության ժամկետն ավարտվել է, փորձում ես երկարացնել, այդ ժամանակվանից արդեն սկսում է նաև գույքահարկը վրադ աշխատել, բայց զուգահեռ՝ արդեն տուրք էին ավելացրել այդ ժամկետի երկարացման վրա, կամ՝ եթե նախագիծը երեք տարով է, ու որոշակի փոփոխություններ եմ ուզում անել, բայց որ պահին դիմեցի այդ փոփոխության համար, հենց այդ պահից սկսում է գույքահարկ աշխատել։ Դրա տրամաբանությունն ընդհանրապես է բացակայում»։

Ամփոփելով՝ մասնագետը հավելեց, որ գույքահարկի թանկացումը կառուցապատողների առումով բերելու է նրան, որ մարդիկ խուսափեն արդեն այդ բիզնեսով զբաղվել։

«Հատկապես, որ եկամտահարկի հետ վերադարձի օրենքը չի գործում, և ոչ մի նորմալ սուբսիդավորվող հիփոթեք չունենք շուկայում»,- հավելեց նա։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր