211652_close_icon

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2115»-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count34512 դիտում article-date 19:36 11-04-2025
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Honda Elysion» և «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Ղազարյանը և Հարութ Հարությունյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր