211652_close_icon

Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ներկայացրել է ԼՂ հակամարտությունը

views-count1516 դիտում article-date 23:23 25-04-2025
Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 24-ին բանախոսել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում տեղի ունեցած հանրային միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ:

Բեգլարյանը ներկայացրել է ցեղասպանության իրականացման արդի միտումներն ու արդարադատության միջազգային մեխանիզմներն Արցախի ժողովրդի ցեղասպանության օրինակով, իսկ hայտնի իրավապաշտպան Ջեհան Հենրին՝ Սուդանի ժողովրդի ցեղասպանության օրինակով:

Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմությունն ու համատեքստը՝ ընդգծելով, որ ալիևյան ռեժիմն իրականացրել է ցեղասպանությունը հետևողական ու արդիականացված մեթոդաբանությամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս անաղմուկ կերպով ոչնչացնել ու հայրենազրկել Արցախի բնիկ ժողովրդին: Նա բերել է որոշ օրինակներ՝ ցույց տալով ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության օրինաչափություններն ու դիտավորությունը՝ նշելով, որ դա Հայոց ցեղասպանության գաղափարական շարունակությունն է:

Բեգլարյանը շեշտադրել է, որ միջազգային արդարադատության ապահովումը շատ կարևոր անհրաժեշտություն է՝ թե՛ հասցեագրելու ցեղասպանության հետևանքները և թե՛ կանխելու հնարավոր նոր ոճրագործությունները տարածաշրջանում ու աշխարհի այլ անկյուններում:

Միջոցառումը կազմակերպվել էր Ուսուցիչների քոլեջի խաղաղության կրթական ցանցի, Կոլումբիայի հայկական ուսումնասիրությունների կենտրոնի, Կոլումբիայի իրավագիտության դպրոցի մարդու իրավունքների ինստիտուտի և մի քանի այլ գործընկեր կառույցների կողմից:

 

Նմանատիպ նյութեր