211652_close_icon

Մահացած պտղի դին հանձնվում է հարազատներին այն բացառիկ դեպքերում, երբ ծննդկանի և հարազատների կողմից ներկայացվում է գրավոր պահանջ. այս դեպքում դին վերցնելու պահանջ չի եղել

views-count1351 դիտում article-date 18:07 26-04-2025
SHAMSHYAN.com-ը ապրիլի 24-ին տեղեկություն էր հրապարակել, որ ըստ ծնողի՝ ծննդաբերությունից հետո իր մահացած երախայի մահվան թղթում նշված են եղել այնպիսի պատճառներ, որոնք երեխան չի ունեցել, իսկ բժիշկնը հայտնել է, որ մարմինը այրել են ու ծնողը չի կարող վերցնել այն: 
 
Հրապարակումից օրեր անց SHAMSHYAN.com-ը 4 ծնողից ահազանգեր է ստացել, ովքեր նշում էին, որ նշված բժշկական կենտրոնում նույն կերպ են վարվել իրենց նորածինների հետ: 
 
Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը պատասխան նամակ է ստացել Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուից, որտեղից հերքում են ծնողի հայտնած տեղեկությունը:
 
SHAMSHYAN.com-ը ներկայացվում է նրանց կողմից տրամադրված ամբողջական պատասխանը: 

«Ձեր կողմից հրապարակված «Ողբերգական դեպք՝ Երևանում․․․» հոդվածում ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, քանզի Ձեզ հայտնել են սխալ տեղեկություններ, մասնավորապես, որ երեխան եղել է երեք ամսեկան և դեպքը տեղի է ունեցել  ս/թ․ ապրիլի 17-ին։ 

Իրականում, որպես բարձր ռիսկի հղիություն հղին ուղեգրվել է մարզից 09․01․2025թ․-ին՝ հղիություն 37-38 շաբաթական, հղիության անեմիա, ճարպակալում 3-րդ աստիճանի ախտորոշումով։ ՎԱՊՄԳՀԻ-ում կատարվել են անհրաժեշտ բոլոր  կլինիկո-լաբորատոր հետազոտությունները և  անհրաժեշտ բուժումը։ Ընդունվելու օրվանից և բուժումից 7 օր հետո 16․01․2025թ․-ին 20։30-ին կինը  ինքնաբեր ծննդաբերել է մեկ մահացած պտուղ։

Ծննդաբերելուց անմիջապես հետո մահացած պտղին տեսել են ծննդկանը, նրա ամուսինը և մայրը։ Ծննդաբերության հաջորդ օրը ամուսինը և նրա մայրը դիմել են ախտաբանաանատոմիական լաբորատորիա՝ մահվան պատճառը պարզելու նպատակով և չեն հայտնել  ցանկություն՝ պտղի դին վերցնելու համար։ 

Մահացած պտղի դին հանձնվում է հարազատներին այն բացառիկ դեպքերում, երբ ծննդկանի և հարազատների կողմից ներկայացվում է գրավոր պահանջ, քանի որ չի եղել դին վերցնելու պահանջը համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության 2008թ․-ի մարտի 4-ի  N 03-Ն հրամանի  այն ուղարկվել է համապատասխան վարակազերծման և ոչնչացման։ 

Պտղի մահվան պատճառը  ըստ ախտաբանաանատոմիական եզրակացության․ սրտի բնածին արատ՝ աորտայի փականային ստենոզ, ներարգանդային համատարած վարակ՝ պրոդուկտիվ պլացենտիտ թավիկների սկլերոզի,  ոչ ֆունկցիոնալ զոնաների, խոշոր նեկրոզների ֆոնի վրա, պորտային երակի ֆլեբիտ, ինտերստիցիալ հեպատիտ, երկկողմանի պնևմոնիա, օջախային մենինգոէնցեֆալիտ, սակավարյունություն, արյունազեղումներ, արտահայտված դիստրոֆիկ փոփոխություններ ներքին օրգաններում։ 

Ախտաբանաանատոմիական եզրակացությունով հաստատված պտղի մոտ եղած խնդիրները  եղել են անհամատեղելի  կենդանի  նորածին ստանալու համար։ 

Բուժանձնակազմի կողմից կատարված բոլոր անհրաժեշտ միջոցառումների արդյունքում  հնարավոր չի եղել կանխել պտղի  ներարգանդային մահը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 17-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ  ապրիլի 15-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում 3 ամսական երեխա է մահացել։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ մարզերից մեկի բնակիչ 24-ամյա կինը հայտնել էր, որ 3 ամիս առաջ, ծննդաբերությունից հետո իր 3 ամսական երեխան մահացել էր և իր համաձայնությամբ վերջինիս տեղափոխել էին հետազոտության՝ մահվան պատճառը հասկանալու համար և մի քանի օր անց իրեն տվել են թուղթ, որում նշված են եղել մահվան այնպիսի պատճառներ, որոնք մինչև այդ չեն եղել, իսկ երբ ցանկացել են վերցնել երեխայի դին կամ մասունք, բժիշկը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Լուսինե Թ․-ն, հայտնել է, որ դին այրել են:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կինը հունվարի 9-ին մարզերից մեկից ուղեգրով ընդունվել է Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկալոգիայի հանրապետական ինստիտուտ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ հունվարի 16-ին՝ ժամը 20։30-ին ծննդաբերել է:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր